Շարունակվում են հարկային հսկողության աշխատանքները

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 10-20-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 17 ստուգումների արդյունքում արձանագրվել է 186.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 40 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 23-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 16 ստուգումներ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում 4 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` 18.7մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն արդեն ներկայացրել են ճշտված հաշվարկներ:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 33 հազար 303 հատ կամ 166%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 177.0մլն դրամով կամ 7%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 3 հազար 452 հատով կամ 4%-ով, սակայն արտացոլված շրջանառության գումարը աճել է 61.2մլն դրամով կամ 1.1%-ով:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ հոկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4561 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.6մլրդ դրամ ընդհանուր արժեքով (ներառյալ ԱԱՀ):

Մանրամասները՝ ՀՀ Հարկային ծառայության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել