ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին տրվել են հարցեր. ԱԺ Քառօրյա

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Նշենք, որ փաթեթի նպատակն է խթանել սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունն ու բարելավել գործարար միջավայրը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին: Նա տեղեկացրել է, որ դեռեւս սահմանված չեն այն չափանիշերը, որոնց համաձայն կորոշվի, թե սահմանամերձ որ համայնքները կընդգրկվեն հարկային արտոնություններից օգտվողների ցանկում: Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե մոտավորապես որքան համայնքներ կընդգրկվեն այդ ցանկում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ նրա, ներկայացված օրենսդրական փաթեթն արդյունք է ՀՀ կառավարություն որդեգրած նոր տնտեսական քաղաքականության, որը նպատակ ունի հարկային բեռի թեթեւացմամբ բարելավել սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական վիճակը: Հանձնաժողովի նախագահը նկատել է, որ օրենսդրական փաթեթը դրական ազդեցություն կունենա սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա, կակտիվանա գործարար միջավայրը:

Հանձնաժողովի նախագահին ուղղվել են հարցեր եւ առաջարկներ:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Հեղինե Բիշարյանը կարեւորել է օրենսդրական փաթեթով առաջարկվող արտոնությունները՝ նշելով, որ անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել այդ բնակավայրերի մասով, արտոնությունների տեսանկյունից սահմանազատել սահմանապահ եւ սահմանամերձ բնակավայրերը: Լեւոն Դոխոլյանը նշել է, որ խնդիրը պետք է համակողմանի ուսումնասիրվի տնտեսագետների, գյուղատնտեսների եւ ոլորտի պատասխանատուների կողմից եւ սահմանամերձ գյուղական համայնքների մասով համալիր ծրագիր մշակվի: Հակոբ Հակոբյանը պետություն-քաղաքացի հարաբերությունների համատեքստում անդրադարձել է սահմանամերձ գյուղերում ձեռնարկատիրական գործունեությանը, արտոնությունների մասով՝ ավելացված արժեքի հարկին ու եկամտահարկին, օրենսդրական խնդիրներին՝ հույս հայտնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում դրանք լուծում կստանան: Հովհաննես Մարգարյանն օրենսդրական նախաձեռնությունը կարեւորել է եւ համարել ուշացած: Նա խոսել է այդ բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության, հիփոթեքային վարկերի տրամադրման եւ բնակարանների ձեռքբերման խնդիրներից: Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրավական կանխատեսելիության տեսանկյունից օրենսդրական փաթեթը նոր մեխանիզմների ներդրման կարիք ունի: Սամվել Ֆարմանյանը խոսել է խնդրի շուրջ սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների համատեքստում եւ կարեւորել ժողովրդագրական միտումների կառավարման ազգային ծրագրի մշակումը: Նա անդրադարձել է նաեւ այդ բնակավայրերում հողի հարկի եւ գույքահարկի խնդիրներին, հիփոթեքային վարկերի տրամադրմանը: Զարուհի Փոստանջյանը խոսել է օրենսդրական փաթեթի խնդրահարույց դրույթներից եւ կարեւորել սահմանամերձ համայնքների հստակ սահմանումը: Նրա գնահատմամբ՝ այդ համայնքներում ձեռնարկատիրական գործունեության մասով պետական ռազմավարություն եւ հայեցակարգ է պետք մշակել: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ սահմանամերձ գյուղերի տնտեսական զարգացումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն: Նա խոսել է այդ համայնքներում անհապաղ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների մասին: Խոսրով Հարությունյանը արժեւորել է նախաձեռնությունը եւ նշել, որ կառավարությունը արտոնություններով նպատակ ունի նպաստելու արտագաղթի նվազեցմանը եւ աղքատության կրճատմանը: Նա կարեւորել է այդ հարցում սահմանամերձ գյուղերի բնակիչների ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց իրազեկվածությունը: Արծվիկ Մինասյանը եւս կարեւորել է նախաձեռնությունը եւ առաջարկներ ներկայացրել, որոնք նպատակ ունեն հստակեցնելու օրենսդրական փաթեթի որոշ դրույթներ:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 23-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով՝ չորեքշաբթի օրվա վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել