Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և անզգուշությամբ երկու անձանց մահի պատճառում. ավարտվել է նախաքննությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը հաղորդում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետևանքով անզգուշությամբ երկու անձանց մահ պատճառվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Ա.Տիգրանյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ բախվել է հանդիպակաց ընթացող՝ նույն մարզի բնակիչ Ա.Կիրեղյանի վարած «Վազ 210630» մակնիշի ավտոմեքենային։
Արդյունքում՝ վերջինիս, ուղևորներ Մարինե և Դուխիկ Սաֆարյանների առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության, Պավել Հալաջյանին՝ ծանր վնաս, իսկ ուղևորներ Մամիկոն Մկրտչյանն ու Թամարա Նիկողոսյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին (նա 2-րդ կարգի հաշմանդամ է և խնամքին ունի 3 անչափահաս երեխա):
2014 թվականի հոկտեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել