Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ համագործակցությունն արդյունավետ է

Հոկտեմբերի 20-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով կառավարիչ-տնօրեն Ֆրանսիզ Մալիժը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

Ողջունելով հյուրերին` նախարար Կարեն Ճշմարիտյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ առաջիկայում տարբեր ոլորտներում ավելի խորը համագործակցության հնարավորություններ կլինեն:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` ՎԶԵԲ նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը նշել է, որ, Հայաստանի համար նոր զարգացումներով և իրողություններով պայմանավորված, բանկը ցանկություն ունի վերահաստատելու համագործակցության օրակարգը և հետագա ուղիները: Նա նաև նշել է, որ ՎԶԵԲ-ի համար արդիական են մնում Հայաստանում տեղական արժույթով ռեսուրսների հասանելիության բարձրացումը, մունիցիպալ ենթակառուցվածքների բարելավումը, ֆինանսական միջնորդությունների ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ անկախ ԵՏՄ անդամ դառնալու հանգամանքից Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ համատեքստում ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը:

Ֆիլիպ Բենեթը հյուրընկալվել է նաև Երևանի քաղաքապետարանում, որտեղ Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել իր և քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև: Տարոն Մարգարյանը նկատել է, որ համագործակցությունն իսկապես արդյունավետ է:

 Ֆիլ Բեննեթն, իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ՎԶԵԲ-ի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը. «Համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը փաստում է, որ կա արդյունավետ համագործակցություն, ինչն իր հերթին լավ խթան է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցության շրջանակներն ու ծրագրերը: Մեր կողմից կարող եմ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ կա այդ պատրաստակամությունը և հուսով եմ, որ կարճ ժամանակ անց մենք արդեն գործնականում կքննարկենք փոխշահավետ նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը», – ընդգծել է Ֆիլ Բեննեթը:

Լուսանկարը՝ mineconomy.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել