Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքների ամփոփում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Հեղինե Բիշարյանը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին հոկտեմբերի 12-17-ը Ժնեւում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ: Պատվիրակության անդամները տեղեկացրին, որ Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են 142 երկրների պատվիրակներ:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ աշխատել են արդյունավետ, պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի լիագումար, ինչպես նաեւ՝ կոմիտեների նիստերին: Տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակների հետ: Մասնավորապես, պատվիրակության անդամները հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի, Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի, Կիպրոսի Ազգային ժողովի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի, հույն, էստոնացի եւ չեխ գործընկերների հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Պարոն Շարմազանովը տեղեկացրեց, որ Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում գործընկերները կարեւորել են մեր երկրի հետ համագործակցելու եւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշելու ծրագրերին:

Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ հայ պատվիրակները շեշտել են, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք իր հարաբերությունները չի կարգավորելու որեւէ նախապայմանով, առավելեւս՝ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող լինել նախապայման:

Հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, ինչի առնչությամբ գործընկերները, մասնավորապես նաեւ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը, անթույլատրելի են համարել խնդրի ռազմական կարգավորումը, այն տեսնելով բացառապես խաղաղ լուծումով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում :

Կարինե Աճեմյանը եւս արդյունավետ գնահատելով պատվիրակության աշխատանքը, նշեց, որ ինքն ընտրվել է Երկրների խաղաղության եւ ազգային անվտանգության հարցերով բյուրոյի անդամ, մասնակցել այդ բյուրոյի աշխատանքներին, ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները: Կարինե Աճեմյանի խոսքով՝ պատվիրակությունը մասնակցել է նաեւ Եվրասիական խմբի աշխատանքներին եւ հրատապ հարցերի քննարկմանը: Տիկին Աճեմյանը տեղեկացրեց, որ գործընկերների հետ մասնակցել են նաեւ տեղի ունեցած ընտրություններին. մասնավորապես, վեհաժողովի ընթացքում ընտրվել է Միջխորհրդարանական միության նախագահը, ով Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Սաբեր Շաուդրին է:

Պատվիրակության անդամ Հեղինե Բիշարյանն ասաց, որ այցի շրջանակներում տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի հանդիպումներ, քննարկվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տիկին Բիշարյանն ընտրվել է Կանանց կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել կոմիտեի աշխատանքներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ էբոլա հիվանդության համաճարակի ընդլայնման վերաբերյալ հարցը, որը որպես հրատապ հարց՝ ընդգրկվել է նաեւ լիագումար նիստի օրակարգում:

Պատվիրակության անդամները տեղեկացրին, որ հանդիպումների ընթացքում գործընկերներին հրավիրել են մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին. բազմաթիվ հրավերներ սիրով ընդունվել են:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել