«Իմ որդու գլխին գործ են սարքել». Ցմահ դատապարտյալի հարազատները ՀՀ դատախազության դիմաց էին

Ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի հարազատներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ դատախազության դիմաց: Նրանցից դատապարտյալի մայրը` Ալլա Մարտիրոսյանը, փոխանցեց, որ իրենք դատախազությունից պահանջում են վերաբացել քրեական գործը:

Արեն Չատինյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման 2008 թվականին: Նա եղել է 21 տարեկան, սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում: Դատապարտվել է տաքսու վարորդի և ոստիկանի սպանության համար: Երիտասարդն առ այսօր իրեն մեղավոր չի ճանաչում, ներկայումս քրեական գործի վերաբացման պահանջով հացադուլ է իրականացնում: Այս մասին հաղորդեցին նրա հարազատները: Իրավաբան.net-ի հետ հեռախոսազրույցում Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց հացադուլի մասին փաստը, սակայն նշեց, որ իր դիմումի մեջ Արեն Չատինյանը չի պարզաբանել, թե ինչու է հացադուլ իրականացնում. «Դատապարտյալը հացադուլ է հայտարարել ամսի 17-ժին, ժամը 8:30-ին: Նրա խուցն առանձնացվել է, ներկայումս նա գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ: Աշխատակիցները փորձում են նաև ճշտել նրա գործողության դրդապատճառները»:

Հավելենք նաև, որ Արեն Չատինյանի գործն անցել է բոլոր ատյաններով, հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և մերժվել անհիմն համարվելու պատճառաբանությամբ:

Տիկին Մարտիրոսյանը պարզաբանեց, որ իր որդին դանակահարությունն իրակնացրել է 2008 թվականի մայիս ամսին, սալայն դանակահարված անձը չի մահացել. «Բայց տղայիս գլխին բարդել են մեկ այլ գործ այս անգամ կրկին տաքսու վարորդի դանակահարություն, որը եղել է նույն թվի ապրիլ ամսին»:

Դատապարտյալի մայրը ցույց տվեց նաև փորձագետի կազմած եզրակացությունը, որը գտնվում է քրեական գործի նյութերում. «Այստեղ հստակ նշվում է` քրեական գործում չկա մի որևէ ապացույց, որով հիմնավորվի, որ Արեն Չատինյանը եղել է դեպքի վայրում կամ մասնակցել է հանցագործության կատարմանը»:

Նա նաև հաղորդեց, որ գործը վարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը, ում նկատմամբ 2009 թվականին մեղադրանք է առաջադրվել մեկ այլ գործի ապացույցները կեղծելու համար. «Միանշանակ այս նույն քննիչը խեղաթյուրել է նաև իմ որդու գործը»,- պնդեց տիկին Մարտիրոսյանը:

Այսօր դատախազությունից Ալլա Մարտիրոսյանին փոխանցեցին, որ քրեական գործը չի կարող վերաբացվել, քանի որ չկան «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ», որոնց առկայությունը պահանջում է ՀՀ Քրեական դատվարության օրենսգիրքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել