Հակակոռուպցիոն գիտելիքների տրամադրումից մինչև հրաձգություն և լող. աշնանային դպրոցը մեկնարկեց

Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցը մեկնարկեց: Հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ դպրոցի բացումը:

«Սա բացառիկ հնարավորություն է` ընձեռնված ուսանող և երիտասարդ իրավաբանների համար: Որքան ես տեղյակ եմ` նմանատիպ առաջին դպրոցն է կազմակերպվում Հայաստանի Հանրապետությունում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համանման դպրոցներ գործում են աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանը նույնպես համալրում է այդ երկրների շարքը»,- Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցի բացմանը ընդգծեց ՀԵԻԱ նախագահ, փաստաբան և դպրոցի մտահաղացման հեղինակ Կարեն Զադոյանը:

Շնորհավորելով մասնակիցներին` նա ասաց. «Հուսով ենք, որ դպրոցի ավարտից հետո դուք նաև հնարավորություն կունենաք ձեր ամենօրյա կյանքում կիրառել այն արժեքներն ու գիտելիքները, որոնք ձեռք կբերեք այստեղ: Ձեզ կդասավանդեն բարձրակարգ մասնագետներ»,- եզրահանգեց պարոն Զադոյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար Նաիրա Գյուլնազարյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ և ուսանելի քննարկումներ. «Աշխատենք սա դարձնել շարունակական, քանի նմանաբնույթ դպրոցները կարևոր են երիտասարդ իրավաբանների համար»,- շեշտեց տիկին Գյուլնազարյանը:

Հինգօրյա դպրոցի շրջանակներում մասնակիցները կստանան տեսական և պրակտիկ գիտելիքներ: Դպրոցի առաջին օրը դասախոսությամբ հանդես եկան ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը, թեման` «Հակակոռուպցիոն պայքարը. պատմական ակնարկ, քաղված դասեր և առաջիկա անելիքներ», ինչպես նաև ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը` «Լավ կառավարման և կոռուպցիայի փոխազդեցությունը և կոռուպցիայի տիպաբանությունը» թեմայով դասախոսությամբ:

Դպրոցի երկրորդ օրը ՀՀ պետական վերահսկողական համակարգը և դրա սահմանադրաիրավական հիմքերը ներկայացրեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գաբրիել Բալայանը` համեմատություն անցկացնելով միջազգային առաջավոր փորձի հետ:

Յուրաքանչյուր դասախոսությունից հետո մասնակիցները իրենց գիտելիքները ամրապնդում էին խմբային աշխատանքի շրջանակներում` բաժանվելով խմբերի նրանք բանավիճում էին հանձնարարված թեմայի շուրջ:
Այս երկու օրերին դպրոցի ծրագիրը հագեցած էր ոչ միայն մասնագիտական գիտելիքների տրամադրման ծրագրերով, այլ սպորտային խաղերով և մրցույթներով: Երիտասարդները մասնակցեցին հրաձգության և լողի մրցույթին: Հաղթողները արժանացան պատվոգրերի:

«Չափազանց կարևոր ծրագիր է իրականացվում, այս երկու օրերի ընթացքում մենք բազմաթիվ գիտելիքներ ենք ստացել` այդ պրոցեսը զուգորդելով հաճելի ժամանցով», «Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցը առանցքային է իրավական գիտելիքների տրամադրման տեսանկյունից: Այստեղ մենք ոչ միայն տեսական գիտելիքներ ենք ստանում, այլ նաև հնարավորություն ունենում այն կիրառել պրակտիկ աշխատանքի ընթացքում», «Ես վստահ եմ, որ դեռ շատ բան ունենք սովորելու, այս դպրոցը մեզ շատ բան է տալիս»,- Իրավաբան..net-ին փոխանցեցին դպրոցի մասնակիցները:
Հիշեցնենք, որ դպրոցը կանցկացվի մինչև հոկտեմբերի 21-ը: Այս ընթացքում կլինեն դասախոսություններ կոռուպցիայի դեմ պայքարի և բարեխղճության հասկացողության վերաբերյալ:

Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցը կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Դպրոցի տեղեկատվական գործընկերը Իրավաբան..netն է:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել