Եթե գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես. «Մեժլումյան և Պետրոսյան» գրասենյակի փաստաբաններն անգամ իրենց ընտանիքի հաշվին են պատրաստ պայքարել

Երկու տարի գործող փաստաբանական գրասենյակ, որը արդեն իսկ հասցրել է իր տեղը զբաղեցնել դաշտում: «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ տնօրենը փաստաբան Կարեն Մեժլումյանն է, նա այն ղեկավարում է իր կնոջ Ինեսսա Պետրոսյանի հետ: Այս փաստաբանները դատական գործեր ունեն, որոնք նույն տարիքին են, ինչ իրենց զավակը: Փաստաբանական այս ընտանիքի և նրանց ղեկավարած գրասենյակի մասին կարդացեք «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հերթական հարցազրույցում: Մեր առաջին զրուցակիցը փաստաբան Կարեն Մեժլումյանն է:

Պարոն Մեժլումյան, սկզբում խնդրում ենք պատմել փաստաբանական ոլորտում ձեր գործունեության մասին:

Փաստաբանական գործունեությամբ զբաղվում եմ 2001թ.-ից, երբ ստացա արտոնագիր, մինչ այդ պրակտիկա-ստաժորություն եմ անցել այդ ժամանակ հայտնի փաստաբանների` Ռուբեն Ռշտունի, Ռուբեն Սահակյանի և Տիգրան Ջանոյանի  մոտ: Փաստաբանական գործունեությունը սկսել եմ բուռն կերպով, սկզբնական գործերը անվճար էի անում` խոցելի խավի համար, մինչև որ հաճախորդներ հավաքվեցին, սկսեցին դիմել ինձ` տեսնելով այդ գործերի արդյունքները: Մինչև 2002 թվականը որպես անհատ ձեռնարկատեր եմ գործել, դրանից հետո` 2012թ. հունիս ամսին, կնոջս հետ հիմնել ենք այս գրասենյակը:

Ի՞նչ գործունեություն է այն ծավալում, ո՞ր ոլորտում եք մասնագիտացած:

Ունենք չորս փաստաբան, որոնցից մեկը այս պահին դեկրետի մեջ: Վարում ենք տարբեր գործեր, քաղաքացիական վարչական, ընտանեկան գործեր, որով առանձին փաստաբան է զբաղվում: Քրեական գործերով Ինեսսա Պետրոսյանն է զբաղվում: Ես քաղաքացիական-վարչական գործերով եմ:

Փաստորեն, ոչ միայն քաղաքացիների հետ եք աշխատում, այլ նաև ընկերությունների:

Այո, բազմաթիվ ընկերությունների էլ ենք սպասարկում:

Ձեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունները` միայն վճարովի են, թե նաև անվճար հիմունքներով եք օգնություն տրամադրել:

Փաստաբանը օրենքի ուժով իրավապաշտպան է: Փաստաբանը իր էությամբ պետք է այդպիսին լինի, ես բազմաթիվ գործեր ունեմ, որ անվճար եմ իրականացնում, ընդհուպ այդ գործերով գնացել հասել ենք եվրոպական դատարան և շահել ենք կամ էլ կոմունիկացիաների մեջ ենք: Սահմանադրական դատարանում ենք բազմաթիվ գործեր շահել` հիմնականում անվճարունակ խավի շահերը ներկայացնելով, որովհետև նրանց իրավունքներն են հաճախակի խախտվում: Կարելի է ասել իմ գործերի մոտ 25 տոկոսը, եթե ոչ ավելին, անվճար գործեր են:

Ի՞նչ սկզբունքով կամ կարգախոսով եք առաջնորդվում:

Պատասխանատվության զգացողություն ունենք, փորձում ենք այս մոտեցումը ցուցաբերել ցանկացած գործի, այդ թվում` անվճար: Օրինակ` Ինեսսա Պետրոսյանը լինելով հանրային պաշտպան խորությամբ և ամենայն պատասխանատվությամբ պրպտում էր գործերը: Նա աշխատավարձ էր ստանում մինչև ժամը 18:00-ն աշխատելու համար, գործերը բերում էր տուն ու սկսում էր թերթել, մեր հաշվին:

Կարո՞ղ եք ձեր պրակտիկայից որևէ հետաքրքիր գործ հիշել:

Շատ կան, քրեականով չեմ զբաղվում, սակայն մեկով զբաղվել եմ` ընտանեկան դրությունից ելնելով: Երեխայի էինք սպասում, Ինեսսան` կինս մի գործով արդարացում էր ունեցել, անչափահաս երեխան արդարացվեց 9 ամիս կալանքի տակ պահվելուց հետո: Մի քանի տարի հետո նույն գործով նրա մորն էին ձերբակալել, հրավիրեցին Ինեսսային: Նա հղի վիճակում գնաց, երեկոյան ժամը 10-ի կողմերն էր, որպեսզի մենակ չգնա մեկուսարան, ես նույնպես արտոնագիրս ցույց տվեց տվեցի և մտա: Քանի որ դրանից հետո երեխան ծնվեց, ես սկսեցի նրա փոխարեն այդ գործով զբաղվել: Սրանով ՄԻԵԴ-ում շահեցինք մի գործ կալանքի հետ կապված, չորս գործ սահմանադրական դատարանում շահեցինք, քանի որ գործը գնում էր Վճռաբեկ դատարան, այն առանց պատճառաբանության ետ էր վերադարձնում: Սակայն այդ կնոջը դատապարտեցին, նա արդեն դուրս է եկել` 7 տարի մնալով անազատության մեջ: Այսօր գործը ՄԻԵԴ-ում է, կոմունիկացիներն ավարտվել են, գնացել է վճիռ կայացնելու Եվրոդատարանը, կլրանա երկրորդ տարին, որ վճիռը չունենք: Սա պայքարի գործ է. տարիներ շարունակ պայքարել ենք: Մեր երեխան ծնվեց հենց այդ պայքարի մեկնարկի օրերին, նա արդեն ութ տարեկան է: Այս պայքարը իրավապաշտպան գործունեության հետ էր կապված, վճարովի հիմունքներով չէր: Այսինքն` եթե դու գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես: Նման շատ գործեր ենք ունեցել:

Կարեն Մեժլումյանի կինը` Ինեսսա Պետրոսյանը փաստաբանական գործունեությունը սկսել է 1999 թվականից: Ներկայումս նա «Մեժլումյան և Պետրոսյան»  փաստաբանական գրասենյակում զբաղվում է քրեական գործերով: Նա հայտնի է բազմաթիվ գործերով: Նա բազմաթիվ քաղաքական գործեր է ունեցել, վերջինը «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործն էր: Միտումնավո՞ր է նա զբաղվում հենց նման հնչեղություն վայելող գործերով, կարդացեք հարցազրույցի շունակության մեջ:

Տիկին Պետրոսյանը, խնդրում եմ մանրամասնել, թե երբ եք ծավալել փաստաբանական գործունեություն:                                                                        

Ես փաստաբանական գործունեություն եմ ծավալում 1999թ.-ից: Այդ ժամանակ մասնակցում էի քրեական և քաղաքացիական գործերով, աշխատում էի «Ջանոյան և գործընկերներ» ՍՊԸ-ում` որպես փաստաբան: Մի քանի տարի այդպես աշխատել եմ այդ գրասենյակում, այնուհետև 2007թ. աշխատել եմ հանրային պաշտպանի գրասենյակում մինչև 2013թ.-ը: 2007 թվականից սկսած բացառապես վարում եմ միայն քրեական գործեր:

Դուք նշեցիք, որ վարում եք քրեական գործեր: Ինչպես ես եմ նկատել` բազմաթիվ հասարակական և քաղաքական հնչեղություն ունեցող գործեր ունեք:

Այնպես է ստացվել, որ իմ գործունեության հենց սկզբից զբաղվել եմ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով, նույնիսկ 1999թ. հոկտեմբերի 27-ի գործով էլ եմ զբաղվել, իրականացնում էի Նաիրի Բադալյանի շահերի պաշտպանությունը, որի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվեց այդ ժամանակ և գործը դատարան չմտավ:

Այսինքն` ես ճիշտ հասկացամ, Դուք միտումնավոր չե՞ք ստանձնում հենց քաղաքական հնչեղություն ունեցող գործերում ամբաստանյալների պաշտպանությունը:

Այո, միտումնավոր չէ: Հետո էլ եղավ Մարտի 1-ը, ես շատ ակտիվ գործունեություն եմ իրականացրել: Այդ ժամանակ աշխատում էի հանրային պաշտպանի գրասենյակում: Մարտի 1-ի հաջորդ օրն անմիջապես առավոտյան ես ստանձնեցի երեք հոգու շահերի պաշտպանություն, արդյունքում Մարտի 1-ով 4 արդարեցվածներից 3-ը իմ պաշտպանյալներն էին:

Հարցազրույցները վարեց Գևորգ Թոսունյանը

Այս շարքի մյուս նյութերն են`

Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան 

Փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. Վարուժան Վարդանյան

Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան

Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան 

«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ-ում դատական գործն ընդդեմ Հայաստանի

Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ-տնտեսական վիճակը 

«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան

«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել

«Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու». իրավաբանական ընկերության համահիմադիր

Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել