Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստ

2012 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ) նշանակված է Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստ:
Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, կատարել է հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ` հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից, հետևյալ բովանդակությամբ.
«Ես` Ռուբեն Հայրապետյանս, 2012 թ մայիսի 25-ին հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի եթերում թույլ եմ տվել ոչ պատշաճ, վիրավորական արտահայտություններ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հասցեին, որի համար ներողություն են խնդրում», ինչպես նաև որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել