Նախագահը հրամանագիր է ստորագրել ձմեռային զորակոչ անցկացնելու մասին

Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիր 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում իրականացնելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից: Հրամանագրում, մասնավորապես, նշված է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել