Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկում Արարատի մարզում

Արարատում կայացավ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկում՝ Արարատի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ Եվրոմիության կողմից` ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Քննարկման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող/դրամաշնորհների պատասխանատու Արտակ Սարիբեկյանը, Հակակոռուպցիոն ռազմավարության աշխատանքային խմբի քարտուղարը Մարիամ Գալստյանը: Վերջինս նաև ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած 2014-2018թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Ծրագրի փորձագետների կողմից ներկայացվեց Հակակոռուպցիոն բազմաֆունկցիոնալ անկախ մարմնի ստեղծման և ապօրինի հարստացումը քրեականացնելու հնարավորությունը Հայաստանում: Նախատեսված ներկայացումներից հետո ծավալվեցին քննարկումներ, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, ինչի արդյուքնում ներկաները հանդես եկան նաև առաջարկություններով:

Այսպես, «Հրեշտակ» ՀԿ նախագահ Իզբելլա Աղեկյանի կարծիքով՝ անհրաժեշտ է հակակոռուպցիոն ռազմավարությունում որպես կոռուպցիայի դեմ պայքարի թիրախային ոլորտ ներգրավվել սոցիալական ապահովության ոլորտը, որովհետև բացի առողջապահական, կրթական և մյուս ոլորտներից, անապահով խավը ավելի մոտ կանգնած է սոցիալական ոլորտին, որտեղից պետք է սկսել պայքարը:

ՔՀԿ մեկ այլ ներկայացուցչի կարծիքով՝ ճիշտ միջոց է համատեղ պայքարել նաև մեծ կապիտալի տեր մարդկանց ունեցվածքը պարզելու ուղղությամբ և քրեականացնել ապօրինի հարստացումը Հայաստանում:
«Կանաչներ» ՀԿ-ի նախագահ Ալինա Լալայանը կարևորելով հակակոռուպցիոն պայքարում ՀԿ-ների մասնակցությունը, առաջարկեց, որ անաչառ ՀԿ-ներ ներգրավվեն հակակոռուպցիոն պայքարին ու այդ ՀԿ-ները թույլ չտան արտաքին ճնշում իրենց գործունեության նկատմամբ:

Պետք է նշել նաև, որ քննարկման մասնակիցները մեծապես կաևորեցին նաև հասարակության հետ տարվող հակակոռուպցիոն իրազեկման աշխատանքները:

Հանրային քննարկման ընթացքում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից արված բոլոր առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ