Նորություններ

«Ոստիկանական համակարգում կին լինելն առավելություն է»

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունում կանայք կազմում են աշխատակիցների 70 տոկոսը: Վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Նելլի Մանանդյանը նշում է, որ ոստիկանության կենտրոնական ապարատում ամենաշատը կանայք հենց այստեղ են. «Մեզ մոտ գենդերային անհավասարություն է տիրում»,- կատակում է նա: Նելլի Մանանդյանը սովորել է  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում: Նախընտրում է լսել ռոք ու ընթերցել գեղարվեստական գրականություն: Ամուսնացած չէ: Նրա հետ ունեցած հարցազրույցը կարդացեք «Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագծում:

Նախ խնդրում եմ խոսել Ձեր կրթությունից: Որտե՞ղ եք սովել և ի՞նչ առաջադիմությամբ:

Ես սովորել եմ ՀՀ ոստիկանական ակադեմիայում` իրավաբանական ֆակուլտետում: Թեև այն չեմ ավարտել գերազանց` կարմիր դիպլոմով, սակայն բարձր է եղել առաջադիմությունս բոլոր մասնագիտական առարկաներից: Ցավոք սրտի, սովորելու տարիներին մի քանի, ոչ մասնագիտական առարկաներից ցածր առաջադիմություն եմ ունեցել, բայց դրանք որևէ կերպ չեն խանգարել ինձ աշխատանքի ընթացքում: Ես պատահական չեմ ավարտել այս հաստատությունում, ավարտել, ավարտելուց հետո անմիջապես նշանակվել եմ աշխատանքի իրավաբանակլան վարչությունում` որպես տեսուչ: Մեր աշխատանքը մի փոքր սպեցիֆիկ է, այսօրվա իմ աշխատանքի հաջողություններից մեկն էլ, լավ կրթությունն է: Շատերին թվում է, թե ոստիկանության ակադեմիան միայն մասնագիտացված կրթություն է թելադրում, բայց հակառակը` այն կրթում է շատ ոլորտներում: Ես այն ավարտել եմ 2002 թվականին:

Հետաքրքիր, զվարթ և զավեշտալի հուշեր ունե՞ք ակադեմիայից:

Շատ են, ակադեմիայում ուսանողական կյանքը, սովորական քաղաքացիական ուսանողական կյանքին նման չէր, որովհետև բացի այդ ուսումնական պրոցեսից, մենք նաև ունեինք այլ պարտականություններ: Օրինակ` առավոտյան վարժանքները, եթե ուշանում էինք, համարվում էր կարգապահական խախտում: Մեր կուրսի խումբը շատ մտերիմ էր, հիշում եմ` մի օր որոշեցինք դասերից հետո երեկույթ կազմակերպել, այն շատ ուշ վերջացրեցինք: Սովորաբար այդ տարիներին 23:00-ն արդեն իսկ ուշ էր: Հաջորդ օրը հոգնած եկանք դասի, առաջին ժամը կարևոր մի առարկա էր, իսկ դասախոսը` չափազանց խիստ: Մեր տղաներից մեկը հանկարծ քնեց, դասախոսը շատ զայրացավ: Մենք մինչև հիմա դա հիշում ենք ու մեզ զվարճացնում է այդ պահը, երբ նա հանկարծակի քնեց: Չեմ կարծում, որ ակադեմիայի պատմության մեջ ինչ-որ մեկը քնել է դասի ընթացքում, այն էլ` նման կարևորություն ունեցող դասի:

Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը:

Մինչև Ոստիկանության ակադեմիա ընդունվելը, ես մտածում էի բժշկական համալսարան ընդունվել, պարապում էի այդ ուղղությամբ: Դպրոցի վերջին տարվա ընթացքում, միանգամից իմ միտքը փոխվեց հետաքրքիր պատահականության արդյունքում: Մի օր ես տեսա համազգեստով ուսանողների, ովքեր ակադեմիայում էին սովորում, խոսեցի նրանց հետ` ճշտեցի մի շարք մանրամասներ: Մինչ այդ չգիտեի, որ նման հաստատություն կա, ինձ շատ հետաքրքրեց այն գաղափարը, որ կարող եմ հանցագործությունների կանխման ու վերացման աշխատանքներին մասնակցել: Շատերը զարմացած էին, ծնողներս ինձ ասում էին, որ ես խառնվածքով այնքան էլ ոստիկանության աշխատանքի համար չեմ: Ամեն դեպքում, ես առանց երկար-բարակ մտածելու դիմեցի: Բացի այդ, ես երաժշտական կրթություն ունեի:

Բժշկական կրթությամբ չխորացաք, իսկ երաժշտությամբ զբաղվո՞ւմ եք:

Այո, ես դաշնամուր եմ նվագում: Ցանկացած ազատ ժամանակ օգտագործում եմ այն նվագելու համար: Երաժշտությունն ինձ համար կյանքի անբաժան մի մասնիկ է:

Սահուն անցում կատարեցինք հաջորդ հարցին, որը վերաբերում էր հենց երաժշտությունը` ո՞ր ոճն եք նախընտրում:

Հիմնականում իմ նախընտրած ուղղություններն են դասականն ու ռոքը: Նրանք շատ նման են: Սիրում եմ 70-80-ականների ռոքը: Հիմա էլ կան հետաքրքիր երաժիշտներ, սակայն ավելի շատ հակված եմ հին ռոքի խմբերին` «Scorpions», «Metallica», «Guns N’ Roses», «Deep Purple» և այլն:

Ինձ միշտ հետաքրքրել է` ինչ գրքրեր են կարդում ոստիկանական համակարգի աշխատակիցները: Գրքերը կարող են ուղենիշ դառնալ մարդու համար իրենց ողջ կյանքում, ո՞ր գիրքը կամ գրքերն են փոխել ձեր կյանքը:

Առանց ընթերցանության նույնպես չեմ պատկերացնում կյանքս: Կարդում եմ ժամանակակից գրողների աշխատանքները, սակայն Անդրե Մորուայի գործերն եմ շատ սիրում: Ինձ համար նա անփոխարինելի գրող է: Չէի ասի` դետեկտիվ գրականություն շատ եմ սիրում, հիմա ավելի շատ ռուս գրողների գործերն եմ ընթերցում:

2012թ. ապրիլի 12-ից հունիսի 10-ը Դուք մասնակցել եք «Իրավապահ կրթություն և ուսուցում միջազգային ծրագրին», փորձի փոխանակում ունեցել Միացյալ Նահանգների ոստիկանության աշխատակիցների հետ: Կխնդրեի նշել հայկական ու ամերիկյան ոստիկանական համակարգերի տարբերությունը նշել և ասել, թե ի՞նչն է մեր համակարգին պակասում, որ պետք է փոխառնենք արտասահմանցիներից:

Շատ լավ հարց տվեցիք, ես միանգամից չեմ ասի, որ ոստիկանության ամերիկյան մոդելն ինձ համար իդելական է, մերը նույնպես և որևէ երկրի մոդել իրավական համարել հնարավոր չի լինի այլ երկրի կողմից. ամեն երկիր ունի իր մենթալիտետն ու առանձնահատկությունները: Մենք ԱՄՆ-ի Վերջինիա նահանգում էինք: Նրանց մոտ աշխատանքի ընդունելության շատ խիստ չափորոշիչներ կային, իսկ նրանց աշխատողները, կարծես, ի սրտանց էին աշխատում, հոգի էին դնում աշխատանքի մեջ: Միգուցե մենք անցման փուլում ենք, ինչ-ինչ խնդիրներ ունենք, բայց մենք էլ փորձում ենք մեր ոստիկանության ծառայողներին հասկացնել, որ այս ծառայությունը ոչ միայն մասնագիտություն է, այլ պատասխանատվության ինստիտուտի առկայություն, որի շրջանակներում ոստիկանը պետք է սիրի իր աշխատանքը և հոգով անի այն: Ինչ-որ կրակ պետք է լինի քո մեջ, դու պետք է դա միշտ զգաս, որ լավ գործի համար ես աշխատում: ԱՄՆ-ի ոստիկանների համար անգամ աշխատանքային ժամ գոյություն չուներ: Եթե նրանք այդ ժամից դուրս էին և  փողոցում հանդիպում էին անձանց, ովքեր խնդիր ունեն, որը բացարձակ ոստիկանության հետ առնչություն չուներ, միևնույն է` այդ մարդուն օգնում էին:

Հաճախ նաև ոստիկանների մոտ աշխատանքի արդյունքում անձնական կյանքը ետին պլան է մղվում: Դուք ամուսնացա՞ծ եք:

Աշխատանքը բնականաբար շատ ժամանակ է խլում, ցանկացած կնոջ համար դժվարություններ է առաջացնում` ժամանակային և ծանրաբեռնվածության տեսանկյունից: Կարծում եմ ամեն դեպքում` այն ինձ խոչընդոտ չէ: Այո, ես ամուսնացած չեմ, բայց այդ հանգամանքը կապված չէ ոստիկանական համակարգի հետ: Սա կյանքի փուլ է, որ մարդը պետք է ինքը ընտրի:

Ոստիկանությունն` ուժի և օրենքի համադրում է, իսկ կինը նրբության և կանացիության: Ինչպե՞ս եք համադրում այս, թվում է, թե անհամատեղելի նորմերը:

Ճիշտ եք, ոստիկանությունն ուժի հետ կապված համակարգ է, բայց մեր համակարգում շատ են կանայք, օրինակ` հենց մեր բաժնում 70 տոկոսը կանայք են: Այդուհանդերձ, ոստիկանության համակարգի մեծամասնությունը տղամարդիկ են: Շատ ժամանակ կին լինելը օգնում է. կանայք քիչ են, ու երբ` ասենք օրինակի համար որևէ քննարկմանը կին է մասնակցում, հնարավոր է, որ տղամարդիկ չհասնցնեն իրենց մտքերն արտահայտել, բայց երբ կինն է ուզում իր կարծիքը հայտնի, բոլորը միաձայն լռում են: Ինձ համար կոնկրետ առավելություն է կին լինել:

Որպես ոստիկանության իրավական ոլորտիկանության աշխատակից խնդրում եմ առանձնացնել այս դաշտի 2 խնդիր:

Շատ կտրուկ կհնչի, սակայն մենք շատ լավ օրենսդրություն ունենք, այս եզրահանգմանը ես հասել եմ` շատ երկրների օրենսդրություններ ուսումնասիրելով և համեմատականներ անցկացնելով, այնդպես որ դժվարանում եմ դաշտի խնդիրները առանձնացնել:

Կխնդրեի 2 բառով բնորոշել Ձեզ:

Երկու բառով ես կասեմ` արդար և բարի, այդքանը:

Ի՞նչ ծրագրեր ունեք հետագայի համար:

Մենք նպատակ ունենք այնպես անել, որ մեր աշխատակիցները հնարավորություն ունենալ վերապատրաստվեն տարբեր ուսումնական հաստատություններում և արտասահմանում: Ես չափազանց  շատ առաջնություն եմ տալիս հենց կրթությանը, պարբերաբար պետք է վերապատրաստվել: Առաջիկա ծրագրերի շարքում այն ինձ համար առաջնային է:

Կարդացեք այս շարքի նաև մյուս հարցազրույցները`

Ոստիկանությունն իմ տունն է, իմ կոչումը. Նելլի Դուրյան 

Կին ոստիկան. «Իմ մեծ երազանքն է մնացել Հարվարդի համալսարանում սովորելը» 

«Մենք` կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ»

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել