Շարունակվեց ԱՆ Կալանավայրերի վարչության նախկին պետի դատական նիստը

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ԱՆ Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատաքննությունը: Սամվել Հովհննիսյանն առաջին ատյանի դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար:

Հերթական նիստին Սամվել Հովհաննիսյանի պաշտպան Գևորգ Մելիքյանը հանդես եկավ մի շարք միջնորդություններով: Նախ նա լրացում կատարեց սեպտեմբերի 4-ի իր միջնորդության մեջ, որով պաշտպանական կողմը խնդրում էր դատարանին անթույլատրելի ապացույց ճանաչել գործին առնչվող հեռախոսազանգերի ձայնագրություններով լազերային սկավառակի մեջ առկա տվյալները: Փաստաբանը նշեց, որ այդ զանգերն անհիմն կերպով են վերագրվել իր պաշտպանյալին, նա շեշտեց, որ սկավառակում առկա էին այնպիսի զանգերի մասին արձանագրություններ, որոնք գրանցվել են Սամվել Հովհաննիսյանի` անազատության մեջ գտնվելու օրերին: Նշյալ միջնորդության քննարկումը հետաձգվեց դատարանի կողմից:

Պաշտպանն այսօրվա նիստին նշեց, որ ամբատանյալը տառապում է մի շարք հիվանդություններով, նա կարիք ունի մշտական մասնագիտական սրտաբանական ստացիոնար բուժման: Այնպես որ` փաստաբանը միջնորդեց նրա նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն, պարզելու` ինչ հիվանդություններով է տառապում Սամվել Հովհաննիսյանը և արդյոք նրա առողջական վիճակը թույլ է տալիս իրեն պահել կալանքի տակ: Իր խոսքերը հիմնավորելու համար փաստաբանը տրամադրեց մի քանի փաստաթղթեր` ինչպես բժշկական հաստատությունից, այնպես էլ քրեակատարողական հիմնարկից:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատարանի զբաղվածության պատճառով:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել