«Իրավունքի Եվրոպա Միավորման» անդամի գնահատականը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի վերաբերյալ

«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը գտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութում չեն պահպանվել արդարության և թափանցիկության սկզբունքերը:

Հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը հիշեցրեց` վերլուծելով գրանցամատյանն ու մյուս փաստաթղթերը իրենք եզրահանգել էին այն դիրքորոշմանը, որ թեկնածուներից երեքը, այդ թվում` Արմեն Հարությունյանը, պետք է ինքնաբացարկ հայտնեն, ինչի մասին արդեն տեղեկացրել են հայտարարությամբ:

Պարոն Եգորյանն անդրադարձավ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձանցից Արմեն Հարությունյանին. «Նա ուշ է ներկայացրել իր դիմումը: Գրանցամատյանում Արմեն Հարությունյանի անունից հետո հաջորդաբար գրված է Արայիկ Մելքումյանի և Նորա Կարապետյանի անուն-ազգանունը, հետևաբար` այս երկու դիմումները ստացվել են Արմեն Հարությունյանի դիմումներից հետո, և նշված է, որ դրանք նույնպես ուղարկվել են փոստով: Այս երկու թեկնածուների հարցը կարծես լուծվել է, նրանց ուղղակի ցուցակից դուրս են հանել, բայց Արմեն Հարությունյանի հարցը լուծվել է ճիշտ հակառակ ձևով»:

Այնուհետև նա խոսեց հարցազրույցի բանավոր փուլից. «Հաշվի առնելով այն, որ հանձնաժողովի որոշ անդամների կապակցությամբ կային հավակնորդների հետ շահերի բախման լուրջ կասկածներ, այստեղ անհրաժեշտ էր թափանցիկության սկզբմունքի շրջանակներում բացահայտել հանձնաժողովի առանձին անդամների գնահատականները, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել հանձնաժողովի անդամները: Մի կարևորագույն հարց կառանձնացնեմ` Գագիկ Հարությունյանն այս փուլի ընթացքում հայտարարեց, որ ստացվել է դիմում հավակնորդներից մեկի կողմից, որով որ հանձնաժողովի երեք անդամներին բացարկ է ներկայացվել, հետևաբար այս անձանց օբյեկտիվ գնահատման հնարավորությունը ևս կասկածի տակ է դրվել: Այս իրավիճակում հանձնաժողովն ուղղակի պարտավոր էր հրապարակել իր յուրաքանչյուր անդամի գնահատականը, որպեսզի դրանք համադրվեն միմյանց հետ, վերլուծվեն և վեր հանվեն բոլոր սուբյեկտիվ գործոններն ու դրսևորումները»:

Խոսելով թեկնածուների լեզվի ունակության գնահատման գործընթացից` դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ անդամն ասաց. «Այստեղ ևս կա շատ լուրջ խնդիր: Լեզվի ստուգման հետ կապված հարցը բացարձակ կանոնակարգված չէր. հավակնորդների մի մասը կարդում էր տեքստերի կեսը, կատարում` ոչ ամբողջական թարգմանություն: Միաժամանակ հանձնաժողովի մասնագետները ինչ-որ նշումներ էին իրականացնում, որոնք ևս թափանցիկ չեն հանրության համար և պարզ չէ, թե այդ նշումները ինչպես են անդրադարձել հանձնաժողովի անդամների գնահատականների վրա, և որքանով են հանձնաժողովի անդամները ելել մասնագետների կողմից կատարված նշումներից»: Այս հանգամանքն, ըստ մեր զրուցակցի, չափազանց կարևոր է մեկ այլ տեսանկյունից. «Հանձնաժողովի անդամները չունեին այդ թարգմանված տեքստերը և հնթացս չէին կարող թարգմանել և հասկանալ` որքանով է ճիշտ կամ սխալ թարգմանվում ներկայացված տեքստը»:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատրաստվում է կատարել մասնագիտական վերլուծություն և հարուցել մասնագիտական բանավեճ` բոլոր հավակնորդների հարցազրույցների և դրանց արդյունքում բացահայտված մասնագիտական որակների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել