Արդյո՞ք ՄԻԵԴ դատավորի թեկնածու Արմեն Հարությունյանի գրանցումը պետք է համարել պատշաճ

2014 թվականի հոկտեմբերի 7-8-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի թեկնածուների ցուցակում ներգրավման հետ կապված ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությանը:

Ըստ Հանձնաժողովի արձանագրության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզեց, որ փաստերով հաստատվում է, որ Ա. Հարությունյանի հայտը 0078 փոստային բաժանմունք է ներկայացվել 23.09.2014թ.-ին՝ ոչ ուշ, քան 13.40-ը: Հետևաբար՝ Ա. Հարությունյանը իրավական կանխատեսելիության սկզբունքի տեսանկյունից կատարել է անհրաժեշտ ողջամիտ գործողություններ՝ իր հայտը պատշաճ ժամկետում՝ մինչև 24.09.2014թ.-ը ներկայացնելու համար:

Բացի այդ, սեպտեմբերի 24-ին Ա. Հարությունյանի հայտը ստանալու փաստը հաստատվում է ստացման ծանուցագրով, որի պատճենը Հանձնաժողովին է ներկայացվել նախապես: Ինչ վերաբերում է ստացման ժամին, ապա Հանձնաժողովը կարևորում է այն, որ համաձայն առաքանիի էլեկտրոնային շարժը ցույց տվող առցանց փաստաթղթի՝ Ա. Հարությունյանի հայտը բաշխիչ կենտրոնից թիվ 0078 փոստային բաժանմունքում ընդունվել է 24.09.2004 թվականի առավոտյան 10.04-ին (երևի նկատի է ունեցվել 2014 թվականի սեպտեմբերի 9-ը):

Այդուհանդերձ, Հանձնաժողովը գտնում է, որ եթե անգամ հայտը փոստային կարգով ստացված լիներ 24.09.2014թ. ժամը 18.00-23.59 ընկած ժամանակահատվածում (եթե ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր լիներ դրա առաքումը փոստից և/կամ ընդունում նախարարությունում), ապա այն կհամարվեր պատշաճ, քանի որ Հանձնաժողովի կողմից հաստատված Հայտարարությունում սահմանված ժամը՝ 18.00-ը, ողջամտորեն վերաբերում էր միայն հայտը առձեռն հանձնելու տարբերակն ընտրած քաղաքացիներին և ուղղված էր նրանց վարքագծի կանխատեսլեիության ապահովմանը:

Հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանը ամփոփելով ուսումնասիրության արդյունքները, առաջարկեց Արմեն Հարությունյանի գրանցումը ճանաչել պատշաճ:

Հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի» 5-րդ կետով, որոշեց Արմեն Հարությունյանի գրանցումը համարել պատշաճ:

Տեղեկացնենք նաև, որ ըստ մրցույթի հայտարարության փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՝մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 18:00-ն՝ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով: Փաստաթղթերի ներկայացման, դրանց ստացման, ինչպես նաև հնարավոր թերությունների վերացման հետ կապված հարցերը լուծվում են Կարգով նախատեսված կանոններով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել անդրադառնալով ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնի մրցույթին, որով մասնավորապես պահանջում էր հանել (չեղյալ ճանաչել) Արմեն Հարությունյանին, Արայիկ Մելքումյանին և Նորա Կարապետյանին մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել