Փաստաբանները ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր արդեն պարզ կլինի ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի անունը: Մեր տեղեկություններով մրցույթային հանձնաժողովը երեկ գիշերը մինչև 03:00-ն աշխատել է:

Մինչ հանձնաժողովի անդամները անցկացնում էին մրցույթը, գործընթացին հետևում էին նաև փաստաբանները, նրանցից Ինեսսա Պետրոսյանի կարծիքով` այն օբյեկտիվ է անցնում. «Ես մրցույթին հետևել եմ ԶԼՄ-ների միջոցով, գտնում եմ, որ ճիշտ էր դատավորին ընտրել հենց մրցույթային ֆորմատով` հատկապես, որ գործընթացը հրապարակային է: Ինձ թվում է` այն օբյեկտիվ կլինի, նախապես չեմ ուզում որևէ կասկածներ առաջ քաշել»,- նշեց տիկին Պետրոսյանը:

Ըստ փաստաբանի` բացի անձնական և մասնագիտական որակներից, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը պետք է օժտված լինի անկախությամբ. «Ամեն դեպքում նա այնպես չպիտի լինի, որ ներկայացնի ու իրականացնի այստեղի իշխանությունների կարծիքը, չեզոք դրիքորոշում պետք է ունենա»,- շեշտեց մեր զրուցակիցը:

«Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյան նույնպես համացանցի միջոցով հետևել է մրցույթին. «Ցանկալի կլինի, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մոտ սուբյեկտիվիզմը հասնի մինիմալի և օբյեկտիվիզմը հաղթի, իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, իրավանորմը դառնա սկզբունք և դրանից շահելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաև ավելի շատ Եվրոպան»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այս մրցույթի մոնիթորինգն իրականացնում է «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որի անդամները երեկ հրաժարվում էին մեկնաբանություն տալ հարցազրույցային փուլի վերաբերյալ` նշելով, որ դա կանեն մրցույթի ավարտից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել