Նորություններ

Դատավորը խոստովանեց՝ գործերով իրեն խնդրանքներ եղել են

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների մրցույթի հարցազրույցի 2-րդ փուլը այս պահին անցել են փաստաբան Վահե Գրիգորյանը և մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն իրականացրած Դավիթ Խաչատուրյանը: Մրցույթային հանձնաժողովի հետ հարցազրույց քիչ առաջ ունեցավ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ  Մելքումյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի այն հարցին, թե արդյոք Հայաստանում դատավորները անկախ են, դատավորը պատասխանեց. «Այո, ես գտնում եմ, որ Հայաստանում դատավորներն անկախ են, ես ինքս դատավոր լինելով կարող եմ ասել, որ անկախ եմ: Լինում են դեպքեր, երբ հայտնվում են ծանոթ-բարեկամ, մարդիկ խնդրում են տարբեր բաներ, բայց այնպես է, որ անկախ է դատարանը»,- ասաց դատավորը:

Խոսելով հասարակական արատներից՝ դատավորը առանձնացրեց մարդկանց անվստահությունը դատական համակարգի նկատմամբ. «Ես իմ փորձով կարող ասել, դատարանի վճռի արդյունքում միշտ կողմերից մեկը դժգոհ է լինում ու այդ կողմը տարբեր միջոցներով փորձում է բարձրաձայնել իր դժգոհությունն՝ այսպիսով անվստահություն առաջացնելով դատարանի նկատամբ»:

Տեղեկացնենք, որ այս պահին հանձնաժողովը սկսել է հարցազրույցը «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության անդամ  Դավիթ Հակոբյանի հետ, այնուհետև հարցազրույցին կմասնակցեն ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Կարապետյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել