Դեպոնացման ինստիտուտի բացասական ու դրական կողմերը

Դեպոնացման ինստիուտը կարևոր է, սակայն մեզ մոտ դրա կիրառման շրջանակն ընդլայնել են: Կարծում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
«Այս ինստիտուտի էությունը այն է, որ այնպիսի դեպքերում, երբ վտանգ կա, որ տվյալ սուբյեկտը դատարանում չի կարող հանդես գալ, օրինակի համար` մեկնում է մշտական բնակության կամ առողջական խնդիրներ ունի, սակայն նրա ցուցմունքը կարևոր է: Ուրեմն դատավորի ներկայությամբ նրան հարցաքննվում է նախաքննության մարմինը, որը դեպոնացվում է և հավասարեցվում դատարանում տրված ցուցմունքին: Սա արվում է այն բանի համար, որպեսզի նրա բացակայությունը դատարանում չանդրադառնա գործի օբյեկտիվ ընթացքին և հիմնավոր դատավճիռ կայացնելու վրա»,- ասաց պարոն Ղազինյանը:
Նրա խոսքերով` ներկայումս այս իստիտուտը ներդնելով` արդարադատության համակարգի աշխատակիցները դրա մեջ ներառել են նաև մեղադրյալին. «Որն առաջացրել է կասկածներ ու վերապահումներ: Շատ է եղել, երբ դատարանում չեն առաջնորդվում մեղադրյալի իրավունքներով: Հաճախ ենք լսում, որ ամբաստանյալը չի ճանաչում նախկինում իր կողմից տված ցուցմունքները` ասելով, որ իրեն ստիպել են և խոշտանգել: Դրա հիման վրա արդեն դատարանը պարտավոր է որոշակի նախաձեռնությամբ հանդես բերել: Այսպիսով` կասկածի տակ են դրվում նախաքննության ընթացքում ամբաստանյալի ցուցմունքները, այդ թվում` ինքնախոստովանությունը, որը որոշ դեպքերում նաև շատ օբյեկտիվ է: Դրական տեսանկյունից, որ այս ինստիտուտին նայենք, ապա մարդը, եթե ցուցմունք է տալիս պաշտպանի ներկայությամբ, ավելի ճիշտ է, որ այն դեպոնացնեն` դատարանի ներկայությամբ իրականացնեն, որպեսզի հետո չասեն, որ խոշտանգումների արդյունքում է եղել»:
Իսկ այս ինստիտուտի ներդրման բացասական կողմը, ըստ մեր զրուցակցի հետևյալն է. «Կան բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներ, որ նախաքննության մարմինը կարող է չարաշահել այդ ինստիտուտի գոյությունը և դեպոնացնել մեղադրյալի ցուցմունքը: Այնպես որ` ինչ էլ նա անի դատարանում, արդեն չի կարող իր անկեղծությունն ապացուցել: Մեր իրականությունը հաշվի առնելով` այստեղ առկա են ռիսկեր»,- ասաց պարոն Ղազինյանը` եզրահանգելով, որ ընդհանուր առմամբ` այս ինստիտուտը զարգացած երկրներում արդյունավետորեն կիրառվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել