Ի՞նչ է սպասվում փոքր և միջին ձեռնարկատերերին այսօրվանից հետո

«Շրջանառության հարկի մասին» օրենքը նոր փոփոխություններով արդեն այսօրվանից ուժի մեջ է մտել: Այս օրենքը անհանգստության ալիք բարձրացրեց փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեություն ծավալողների շրջանում. հարյուրավոր վաճառականներ ակցիաներ անցկացրին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

Փստաբան Նարինե Ճաղարյանը երկու հիմքեր առանձնացրեց, որոնք առկա են օրենքում և կարևոր` նշյալ ձեռնարկատերերի գործունեության տեսանկյունից: Առաջինը փաստաթղթավորումն է, երկրորդը` պատասխանատվության միջոցների գործարկումը:

Անդրադառնալով փաստաթղթաշրջանառությանը` նա ասաց. «Դժգոհություններ կան, որ հնարավոր չի այն իրականացնել, բացի այդ առևտրականների մյուս մասը նշում է, որ երբ խոշոր ընկերություններից են ապրանք ձեռք բերում, շատ հաճախ իրենց փաստաթղթեր չեն տալիս, այդ դեպքում փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեություն ծավալողների համար խնդիր է առաջանում, այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթավորում իրականացնելը: Այստեղ օրենքը կարգավորում է նախատեսվում, ըստ որի` եթե առհասարակ առևտրական գործունեություն իրականացնող սուբյեկտն ապրանք է ձեռք բերել և հիմքեր իրեն չեն տրամադրել, ինքը կարող է այդ ապրանքները հայտարարագրել և այդ տվյալները ներկայացնել հարկային մարմնին: Միաժամանակ նախատեսվում է, որ սրանով չի ավարտվում գործընթացը, երբ որ դու ներկայացրեցիր տվյալները, դրանից հետո պետք է ստուգում իրականացվի: Եթե օրենքով սահմանված ժամկետում ստուգում չի իրականացվում, խնդիր չի առաջանա: Այս վերջին կարգավորումը որոշակի խնդիր կարող է առաջացնել, ֆինանսների նախարարությունում նշում են, որ այս հարցն էլ է կարգավորված, բայց հոդվածը մեկնաբանում են մասնակի, այս խնդրին չեն անդրադառնում»:

Իսկ երկրորդը մտահոգիչ հանգամանքը, որն առկա է, ըստ փաստաբանի` վերաբերում է պատասխանատվության միջոցներին. «Օրենքի 14 հոդվածով կատարվել է 3.1 կետի լրացում, որը պատասխանատվություն է նախատեսում այդ հոդվածի դրույթները խախտելու համար: Այստեղ ամեն տարի պատասխանատվության միջոցը, ըստ էության, փոփոխության է ենթարկվում, այդ նախազգուշացումը կիրառվելու է ընդամենը 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար: Այնուհետև նախազգուշացան ինստիտուտը դուրս է գալիս: Ես չեմ կարող պատճառաբանել, թե ինչու է այսպես. օրենքի նախագծում էլ չկա պատճառաբանած, կարող ենք ենթադրել, որ զուտ նոր փոփոխություն է, փորձում են հունի մեջ գցել, նոր խստացնել»,- ասաց տիկին Ճաղարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել