ՀՀ Կառավարությունը պատասխանել է ԱԺ 4 խմբակցությունների գրությանը

ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրությունառ այն, որ հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Պողոսյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ներկայացնում է իր պատասխանը: Պատասխանում, մասնավորապես նշվում է. «Հարգելի պարոնայք.
Ձեր՝ ՀՀ կառավարությանն ուղղված ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը, ի գոհունակություն գործադիր իշխանության, ևս մեկ անգամ վկայում է որ Ազգային ժողովի ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները ուշադիր կերպով հետևում են կառավարության ծրագրի կատարման ընթացքին ու, թեև տարօրինակ ձևաչափով, այնուամենայնիվ ցանկանում են իրենց ակտիվ մասնակցությունը բերել կառավարության կողմից հանրային օրակարգ բերված հարցերի քննարկմանը և լուծմանը: Մասնավորապես, հայտարարությունում նշված հարցերի.
– մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին,
– մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ,
Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն:
Թեև հանրային քաղաքական օրակարգին գաղափարական հստակ հենք չունեցող բարի ցանկությունների և անիրատեսական ու կատեգորիկ պահանջների անկանոն միահյուսման միջոցով մասնակցության ձևը միշտ էլ նվազ արդյունավետ է քան ընդդիմադիր, սակայն գործընկերային հարաբերություններով հանրությանը հուզող հարցերի մշակմանը ձեռնամուխ լինելը, մենք այնուամենայնիվ ողջունում ենք ԱԺ ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունների առավել առարկայական հետաքրքրությունը կառավարության գործունեության կոնկրետ ոլորտների նկատմամբ: Քանի որ նշված փաստաթղթի ծրագրային բաղադրիչի բացակայությունն անիմաստ է դարձնում հայտարարության՝ որպես միասնական քաղաքական փաստաթղթի անդրադառնալը, ստորև ուղղակի շարադրված են հայտարարության կետերի առնչությունները ՀՀ կառավարության ծրագրին և որդեգրած քաղաքականությանը: Քննարկման դրված համապատասխան կետերն են. 

1.Հանել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել ժողովրդին, ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ և կամավոր կուտակային բաղադրիչը ներդնելու սկզբունքով:

2.Վերանայել տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգը, դրանց կատարման ընթացքում պետական և համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը:

3. Առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկ»-ի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը:

4.Առնվազն կրկնապատկել ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, սահմանել հստակ մեխանիզմ՝ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:

5.Գյուղատնտեսությանը տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռք բերել 2014 թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 միլիոն դրամի ժամկետանց բանկային պարտավորությունները, սահմանել դրանց նկատմամբ մարման հնգամյա ժամկետ: Երեք միլիոն դրամից ավելի գյուղատնտեսական պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ հինգ տարի մարման ժամկետով՝ տարեկան առավելագույնը 8 տոկոսով:

6.Հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի՝ աշխատակիցների գծով կուտակված պարտքը, ձևավորել «Նաիրիտ»-ի անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:

7.Բացառել «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքը՝ առանց ԱԺ հավանության:

8.Չթույլատրել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը:

9.Կատարել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ, որոնցով կսահմանվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ:

10.Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակել ընտրատեղամասերում:

11.Ապահովել «Ընդդիմության մասին» օրենսդրական փաթեթի ընդունում՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողական գործառույթներով:

12.Չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը:

13.Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական եւ ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձեւավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման կանխատեսելի համակարգ: Մինչեւ վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված՝ հայտարարության կետերի առնչությունները ՀՀ կառավարության ծրագրին և որդեգրած քաղաքականությանը, կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել