Ավարտվել է Հունաստանի նախագահի պետական այցը Հայաստան

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

Հիշեցենք, որ ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 30-ին տեղի էր ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նույն օրը տեղի ունեցած նախագահների առանձնազրույցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ընդգծել էր Հայաստանի և Հունաստանի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշանավորված նախագահական փոխայցերով, տնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ: Առանձնահատուկ դրվատանքով է մատնանշվել երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև հաստատված կառուցողական երկխոսությունը, որի արդյունքում հայ-հունական ռազմական համագործակցությունն այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: «Իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը մեզ համար անհրաժեշտություն է, և այստեղ մենք գործ ունենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետ, մենք, անշուշտ, նաև հաշվի ենք առնում, որ Հունաստանը հանդիսանում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու ցանկությունը: Ես հայտնեցի Հայաստանի վճռականությունը զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով և հույս հայտնեցի, որ բարեկամ Հունաստանն այս հարցում կաջակցի Հայաստանին», մատնանշել էր նախագահ Սարգսյանը:

Լուսանկարը՝ president.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել