Կրակոցներ Երևանի Սարալանջ փողոցում

Հարուցվել է քրեական գործ` Երևանի Սարալանջ փողոցում Լ.Հարությունյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ արձակած կրակոցների դեպքի առթիվ:

Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժբից:

2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14.35-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ` 1993թ. ծնված Լևոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Սարալանջ փողոցում:

Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք)

Լ.Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոցներ է արձակել Լ.Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ` նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի` իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն հասցնել ավարտին:

Երևան քաղաքի Սարալանջ փողոցում` Այգեստան 11 փողոցի թիվ 167/1 տան դիմացի ճանապարհի ասֆալտապատ հատվածում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ և 1 գնդակ:

Զննության է ենթարկվել Լ. Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածքներ և մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լ.Հարությունյանի հայրը` Ա.Հարությունյանը ներկայացրել է մեկ հատ գնդակ և հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել