Իրազեկում զինապարտներին. ովքե՞ր կարող են տարկետում ստանալ առողջական վիճակի պատճառով

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն.

Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ` մինչև 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի զորակոչիկներին զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ` 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված ասպիրանտուրայում կամ արդարադատության ակադեմիայում սովորելու կապակցությամբ տարկետում ստացած և 27 տարեկանից բարձր տարիքում ուսումն ավարտած զորակոչիկներին առողջական վիճակի պատճառով բուժման նպատակով տարկետում կարող է տրվել 1 անգամ՝ մինչև 6 ամիս ժամկետով, իսկ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու դեպքում՝ մինչև 1 տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված տարկետումներ տալու մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Սույն հոդվածի, ինչպես նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի հիման վրա առողջական վիճակի պատճառով պահեստազորում հաշվառված քաղաքացիները ենթակա են բժշկական վերափորձաքննության` 5 տարին մեկ անգամ: Մինչև 27 տարին լրանալը բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել