Հայտնի է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի օրը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության և թեկնածուների ընտրության կարգի, ինչպես նաև Հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է, որ Հանձնաժողովի որոշմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անց է կացվելու 2014 թվականի հոկտեմբերի 6-ից, ժամը 10.00-ից սկսած, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում:

Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը ներկայացված է այստեղ: Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե մինչև 2014 թվականի հոկտեմբերի 3-ը, ժամը 18.00-ն հարցազրույցի փուլին մասնակցելու վերաբերյալ դիմում ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին /առձեռն՝ 0078, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ էլեկտրոնային փոստով՝ [email protected]/: Տեղեկացնում ենք նաև, որ Կարգի համաձայն՝ մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույցի անցկացման դահլիճում հատկացվում է տարածք առանց տեսաձայնագրման և լուսանկարահանման սարքերի ներկա գտվելու համար, ինչպես նաև հարցազրույցի անցկացման դահլիճին կից գտնվող տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականցնելու տեխնիկական հնարավորություններով: Հայտնում ենք, որ Կարգի համաձայն մրցույթի հարցազրույցի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում զանգվածային լրատվության միջոցի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, հանձնաժողովի որոշմամբ, կարող է դուրս հրավիրվել հարցազրույցի անցկացման վայրից՝ զրկվելով դրա հետագա ընթացքին հետևելու հնարավորությունից:

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել