Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն.

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է`

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` օրդինատուրա, ինտերնատուրա և մագիստրատուրա) ցերեկային ուսուցման ուսանողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին.
բ) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորողներին.
գ) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.
դ) արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին.
ե) հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի տված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

2. Ասպիրանտուրա և մագիստրատուրա ընդունվելու կարգն ու պայմանները հաստատվում են կառավարության որոշմամբ:
Ատենախոսությունը պաշտպանած, բայց ԲՈՀ-ի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ուսումը շարունակելու համար տարկետում ստացած և սույն հոդվածի 1-ին մասում նշված ուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված (բացառությամբ ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումնական հաստատությունից հեռացված և մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հայտարարվելն ուսման վարձը վճարելու հիման վրա ուսումնառությունը վերականգնած) կամ անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած 18 տարին լրացած քաղաքացիները կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի, եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքով տարկետում ստանալու իրավունքից:

4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում ասպիրանտուրայում սովորողների, ինչպես նաև արդարադատության ակադեմիայի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչև ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան կամ արդարադատության ակադեմիան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:

Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի սպաները, որոնք ավարտել են ասպիրանտուրան կամ ունեն գիտական աստիճան, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ըստ իրենց մասնագիտացումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել