Խախտվել է նախագահի հրամանագիրը. ՄԻՊ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց ընթանում էր ««Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ արտահայտվող առևտրականների բողոքի ակցիան: Ակցիային դիտորդի կարգավիճակով մասնակցում էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Նրանցից ՄԻՊ խորհրդական Անուշ Մարգարյանը տեղեկացրեց, որ գրասենյակը հետևողական է լինելու խնդրի շուրջ զարգացումներին: Նա նաև փոխանցեց, որ իրենք անգամ տեղեկացված չեն եղել օրենքի նախագծային փուլերից. ««Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության նախագիծը, երբ այն նախագծային փուլում էր, Մարդու իրավունքների պաշտպանին չի ներկայացվել` կարծիք հայտնելու համար: Դրանով իսկ խախտվել է ՀՀ նախագահի 2007թ. 174 Ն հրամանագիրը, համաձայն որի` այն բոլոր օրենքի նախագծերը, որոնք որ վերաբերում են մարդու իրավունքներին և ազատություններին, իսկ այս նախագիծը անշուշտ վերաբերել է մարդու իրավունքներին, պետք է մինչև կառավարություն ներկայացնելը, ներկայացվեն նաև օմբուդսմենի կարծիքին»,- ասաց ՄԻՊ խորհրդականը` հավելելով, որ մի շարք առևտրականներ դիմում-բողոք են ներկայացրել օմբուդսմենին:

Տիկին Մարգարյանի խոսքերով` նոր օրենքով շրջանառության հարկի նվազման հետ մեկտեղ այնպիսի պահանջ է նախատեսվում, որը իրատեսակ չէ. «Ապրանքների ձեռքբերման պարտադիր փաստաթղթավորում պետք է լինի, որը շատ դեպքերում հնարավոր չէ իրականացնել: Օրինակ` եթե առևտրականը մեկ այլ հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտից ձեռք է բերում ապրանք ու խնդրում փաստաթուղ տրամադրել, նա կարող է պրակտիկայում դա չիրականացնել, ինչի արդյունքում` կարող է առևտրականին ապրանք ընդհանրապես չվաճառել, այսպիսով` առևտրականը կզրկվի ապրանք ձեռք բերելու, հնարավոր է, միակ աղբյուրից: Սա կհանգեցնի փոքր ու միջին ձեռնարկատերերի սննկացմանը»:

Բացի այդ ՄԻՊ խորհրդականը նշեց, որ կա խնդրի մեկ այլ կողմը. «Այդ փաստաթղթավորման արդյունքում կարող է ապրանքների գնաճ լինի, որովհետև այն նույնպես ծախսատար գործընթաց է: Բացի այդ, օրենքում հաշվի չեն առել տարբեր ոլորտների առանձնահատկությունները, այսինքն` մի ոլորտի վրա այն կարող է դրական ազդել, մյուսի` բացասական, այսինքն` պետք է այնպիսի տարբերակ մշակվեր, որը կբխեր բոլոր առևտրականների շահերից»,- ասաց տիկին Մարգարյանը` հաղորդելով, որ ՄԻՊ-ը մոտակա ժամանակներում իր հստակ դիրքորոշումը կներկայացնի և հանդես կգա առաջարկություններով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել