Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Շարունակվեց ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի դատական գործը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյան և մյուսների գործը:

Մեղադրական եզրակացության համաձայն` գործել է կազմակերպված հանցավոր խումբ: Ըստ էիության այն ղեկավարել է հենց Միսակ Մարտիրոսյանը, նրան աջակցել է հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը: Վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց` պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանի, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի և պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովի հետ միավորմամբ ստեղծվել է կայուն խումբը, այն կատարել է համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:

Փաստացի, այս գործում ներգրավված են դատական դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մեղադրվում են շուրջ 4 տարի հանցագործության իրականացման և կաշառք ստացնալու մեջ: Նախորդ դատական նիստին մեղադրանքի կողմը հրապարակել է մեղադրական եզրակացությունը: Միսակ Մարտիրոսյանը չի ընդունել, որ կայուն խումբ է ստեղծել, վերաբաշխում կատարել և հափշտակել գումարներ: Գործով հարցաքննվել են 99 վկաներ:

Այսօրվա նիստին պետք է հարցաքննվեին այս գործից անջատված մեկ այլ դատական գործով մեղադրյալներ: Հարցաքննվողները նախկինում մեղադրվել են Միսակ Մարտիրոսյան և մյուսների գործով, սակայն մաս է անջատվել, ուստի այս անջատված գործով մեղադրյալներն այսօր որպես մեկ այլ քրեական գործով մեղադրյալ հարցաքննվեցին: Նիստին Միսակ Մարտիրոսյանի և Արման Մալխասյանի պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների քրեական գործն առանձնանցնել նշյալ գործից, ինքը Մ.Մարտիրոսյանը նշեց. «Իմ մասով միայն առկա է Արմեն Մովսիսյանի ցուցմունքը, այն պարագայում, որ տասը մեղադրյալն էլ ցուցմունք ունեն այսօրվա մեղադրյալների դեմ»,- նշեց նա: Նույն միջնորդությունն արեց նաև Ագին Ղուկասյանի պաշտպանը:

Դատարանը միջնորդություններն անհիմն համարեց. «Քանի որ դրանք անջատելը չի բխում քրեադատավարական օրենքի պահանջներից: Այս մասերը անմիջականորեն փոխկապակցված են, որովհետև վերջիններիս հոդված է առաջադրվել կաշառք ստանալու մեղադրանքով: Ղուկասյանի և Մարտիրոսյանի մասը սույն քրեական գործից անջատելն, անհիմն է»,- նշեց դատավոր Արշակ Վարդանյանը:

Այնուհետև մեկ առ մեկ հարցաքննության կանչվեցին այս գործից անջատված մեկ այլ դատական գործով մեղադրյալներ Արմեն Միրզոյանը, Արման Մալխասյանը, Արտակ Գևորգյանը, Արմեն Պետրոսյանը, Թաթուլ Ղուկասյանը և Գագիկ Աբրահամյանը: Այս բոլոր անձիք հրաժարվեցին ցուցմունք տալուց` նշելով, որ իրենք արդեն ցուցմունք են տվել նախաքննության ընթացքում: Մեկ առ մեկ  հրապարակվեց նրանց նախաքննական ցուցմունքները:

Ցուցմունքները նույնպես միանման էին, բացի Արմեն Միրզոյանի ցուցմունքից: Մյուսների ցուցմունքներից պարզ դարձավ, որ նրանք «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ էին, նշյալ գործով ամբաստանյալ` հիմնարկի տեղակալները, մասնավորապես Դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանն այս անձանց տարբեր պատճառաբանություններով հրահանգել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում՝ հաստիքացուցակ մտցնել մոտ մեկ տասնյակ քաղաքացիների անուններ: Ընդ որում` ամեն մեկին թվեարկել է տարբեր քաղաքացիների անուններ: Այս անձիք կատարել են հրահանգը, հաստիքացուցակ ավելացրածները չեն ներկայացել աշխատանքի, պետերը բանավոր տեղեկացրել են, որ նրանք գործուղման են, իսկ մեղադրյալներն` ի գիտություն են ընդունել և ոչինչ չեն ձեռնարկել խնդրի շտկման ուղղությամբ:

Արմեն Միրզոյանի ցուցմունքից պարզ դարձավ, որ Գեղամ Գրիգորյանը տարբեր ժամանակահատվածներում այցելել է բանկ և այլ անձանց աշխատանքային քարտով գումար ստացել:

Դատական նիստը բավականին ծանր էր ընթանում, մարդիկ անգամ քնում էին աթոռներին նստած: Եղան նաև զավեշտալի դեպքեր: Օրինակ` դատարան ներկայանալու համար ծանուցագիր էր ուղարկվել նաև հիմնական գործից անջատված դատական գործով մեղադրյալներ Նորայր Մելքոմյանին, Էդուարդ Հովհաննիսյանին, Հայկ Մարգարյանին և Մհեր Գևորգյանին, որոնք չէին ներկայացել: Վերջին երեքը պատճառաբանել էին, որ առողջական խնդիր ունեն, Մհեր Գևորգյանն էլ նշել էր. «Խնդրում եմ դատական նիստը շարունակել, ապա ավարտել իմ բացակայությամբ»:

Ինչևէ, դատարանը որոշեց վերստին ծանուցագրեր ուղարկել այս անձանց: Այնուհետև ասաց, որ գործով նիստերը կնշանակվեն ամեն երկուշաբթի: Նիստն ավարտվեց:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել