Տարեց կնոջ սպանության կասկածանքով կա երկու ձերբակալված

Աբովյան քաղաքի բնակչուհի Ռաիսա Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցագործության մի շարք հանգամանքներ եւ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, սպանությունը կատարելու կասկածանքով՝ սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է երկու անձ։
Ռ.Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, որի մասին հաղորդել էր Իրավաբան.net-ը: 
Ըստ նախաքննության տվյալների՝ առերևույթ հանցագործության մեջ կասկածվող անձինք մուտք են գործել նշված բնակարան, մի քանի անգամ հարվածել 1944 թ ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, սրբիչով խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր՝ դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):
Նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել