Ի՞նչ է անում Փաստաբանների պալատը թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար

Փաստաբանների պալատի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման հարցում պալատում զգալի աշխատանքներ են իրականացվել: Վստահեցնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Որպես օրինակ նա նշում է պալատի նիստերի օնլայն հեռարձակումները. «Այս սենյակում, որտեղ որ մենք հիմա հարցազրույց ենք իրականացնում, այսինքն` փաստաբանների պալատի նիստերի դահլիճում, դրված են համապատասխան տեխնիկական միջոցներ, որոնց օգնությամբ հեռարձակում ենք խորհրդի նիստերը: Սկսել ենք սեպտեմբերից, յուրաքանչյուր փաստաբան կարող է հետևել մեր խորհրդի նիստերին»,- ասաց պարոն Զոհրաբյանը` հավելելով, որ թափանցիկ են ոչ միայն նիստերը, այլ նաև պալատի գործունեությանն առնչվող ֆինանսական հաշվետվությունները, որոնք ամբողջը տեղադրվում են պալատի կայքում:

Նա նաև ասաց, որ նախկինում դժգոհություններ կային գործուղումների հետ կապված. «Մեր գործընկերները մտահոգություն էին հայտնում, որ եթե գործուղման առաջարկ է լինում, շատերը ներգրավված չեն լինում, կամ էլ` հիմնականում գնում են նույն մարդիկ: Նմանաբնույթ խնդիր, իհարկե, կար: Սակայն ներկայումս, երբ հրավեր է լինում, մենք պարտադիր կարգով հրապարակում ենք դա, էլեկտրոնային փոստով ուղարկում ենք և որոշակի չափանիշներով սկսում ենք ըստ հայտերի ընտրել: Այդ թափանցիկ գործընթացը նպաստելու է պալատի և փաստաբանների միջև վստահության խորացմանը»,- եզրափակեց պարոն Զոհրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել