Իրավական հարցերի ներկայացում. Մեծ Բրիտանիայի դեսպանը հյուրընկալվեց ՀՀ Արդարադատության նախարարությունում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։ Նախարարը տիկին Լիչի խնդրանքով ներկայացրել է նախարարության գերակա, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության կայքից: Հովհաննես Մանուկյանը նշել է նաև, որ զգալի աշխատանք է կատարվել դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ:  Այդ ոլորտը մշտապես  գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և ակտիվ պետական քաղաքականության շնորհիվ աշխատանքներ են իրականացվում ոլորտում առկա թերությունները շտկելու և կայուն համակարգ ձևավորելու ուղղությամբ:

Նախարարը, ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները, նշել է, որ դրանց ընդհանրական նպատակը արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է՝  կարևորելով հատկապես այն  աշխատակիցների դերն այդ հարցում, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շփվում են քաղաքացիների հետ: Հովհաննես Մանուկյանը անդրադարձել է պետության կողմից կարևոր խնդիրների լուծմանը հանրային սեկտորի մասնակցության անհրաժեշտությանը և  դեսպանի ուշադրությունն է հրավիրել ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի աշխատանքներին՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվելիք բոլոր կարևոր օրենքների նախագծերը քննարկվում են խորհրդում: Հանդիպմանը քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Դեսպանը   հետաքրքրվել է հատկապես  դատապարտյալների իրավունքներով  ու պահման պայմաններով: Նախարարը  հավաստիացրել է, որ այդ հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Նա նշել է, որ նոր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործմամբ հնարավոր կդառնա մասնակիորեն լուծել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և էլ ավելի արդյունավետ դարձնել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը: Հանդիպման ավարտին նախարարը հրավիրել  է դեսպանին առաջիկայում շրջայց իրականացնել «Արմավիր» ՔԿՀ-ում՝ տեղում ծանոթանալով նորակառույց հիմնարկին: Դեսպանը սիրով ընդունել է հրավերը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել