Ինչպե՞ս է օրենքը կարգավորում ինքնաբուխ ակցիաները

Քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգահեռ ավելանում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Հիմնականում այդ անհնազանդությունը դրսևորվում է տարաբնույթ ակցիաների տեսքով, որոնց ընթացքում հաճախ են բախումներ լինում ոստիկանների հետ:

Ինքնաբուխ հավաք կազմակերպելուց առաջ պետք է իմանալ մի քանի փաստեր:

Նախ` «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ եթե կազմակերպչի հիմնավոր կարծիքով հավաքին մասնակցելու է ոչ ավելի, քան 100 մասնակից, ապա իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ։ Մեծամասամբ ակցիաները տեղի են ունենում հենց այս սկզբունքով:

Հավաքի կազմակերպիչը, եթե այդպիսին կա, պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել ոստիկանության ներկայացուցիչներին, բացի այդ նա պետք է հավաքը սկսելուց առաջ հայտարարի իր անունը և ազգանունը, իսկ եթե հավաքը կազմակերպել է իրավաբանական անձը, ապա նաև իրավաբանական անձի լրիվ անվանումը, հավաքի նպատակը, ինչպես նաև հավաքի ավարտի մոտավոր ժամկետը։ Եթե հավաքի ընթացքում իրականացվելու է երթ, ապա հարկավոր է հրապարակել երթի ուղին և ժամանակացույցը։

Օրենքը նաև սահմանափակում է դնում հավաքների վրա, դրանք չեն կարող վեց ժամից ավելի տևել, բացի այդ օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչև 8.00-ն) բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով։

Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը: Նշվում է օրենքում: Ըստ այդմ` երբ կա կազմակերպիչ, ապա ոստիկանության լիազորված անձը պետք դիմի նրան, որն էլ պարտավոր է այդ մասին տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։ Հետաքրքիր է, որ օրենքում խոսք չի գնում ֆիզիկական ուժի կիառման մասին, այլ միայն հատուկ միջոցների, իսկ որպես այդպիսին նշյալ օրենքով ոստիկանությունը տարբեր իրավիճակներում կարող է կիրառել արցունքաբեր գազ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, ջրանետեր և զրահամեքենաներ:

Նշենք նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով ինքնաբուխ կամ շտապ հավաք անցկացնելու մասին ոստիկանությանն անհապաղ չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից` հիսուն հազար դրամից մինչև երկուհարյուրապատիկի` երկու հարյուր հազար դրամի չափով, իսկ հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից` հիսուն հազար դրամից մինչև հարյուրապատիկի` հարյուր հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել