Ապրելու իրավունքը ուժեղինն է, դիմակայում և հաղթում է պայքարող տեսակը. Հովհաննես Մանուկյան

Անկախությունը մեր երազանքն էր, մենք նվաճեցինք այն: Օրինաչափ զարգացումն ապացուցում է, որ ապրելու իրավունքը ուժեղինն է, դիմակայում և հաղթում է պայքարող տեսակը: Անկախությունը մեզ մոտեցրեց իմաստությանը, կոփեց մեր պատկերացումները, ինչպես բնությունն է օգնում ապրել խիտ անտառում աճող, բայց իր ջուրն ու արևը քաշող բարակ ծառին: Չմոռանանք, որ պատվով ենք դուրս եկել համատարած խավարից, երգով ենք հաղթել վհատությանը, հումորով ենք մոտեցել անելանելիությանը և հավատով ենք լցրել մեր վաղվա օրը: Անկախությունը ազգի ազատությունն է, շահում է այն ազգը, ում հաջողվում է ճիշտ օգտվել իր ազատությունից:

Անկախությունը ինքնանպատակ չէ, այն երբեմն մոլորեցնող է, նման տանը մենակ մնացած երեխային, ով կարող է վնասել իրեն և իր տունը: Վերացական խրախճանքի ու ամբոխային մոտեցման վտանգի ժամանակները մենք արագ անցանք: Հիմա ամեն մեկս մեր գործով ենք կարևորելու ու ամրացնելու մեր անկախությունը: Ուսուցչի բարեխիղճ աշխատանքը, բժշկի մարդկային վերաբերմունքը, հողագործի քրտնաջան մաքառումը, նախարարի անմնացորդ նվիրումն իր առաքելությանը առավել ամրացնելու են մեր երկիրը: Մեզնից պահանջվում է լինել մեր տեղում, պատվով կրել ու փոխանցել Անկախ Հայաստանի արժանի քաղաքացու կոչումը:

Շնորհավոր տոնդ, Հայ ժողովուրդ, կեցցե՛ Ազատ, Անկախ և ապագայի Միացյալ Հայաստանը:

Գրառումը` ՀՀ արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել