«Զինվորական քրեական հանցագործությունների թիվը շարունակաբար աճել է». Զեկույց

2008-2013 թվականների ընթացքում զինվորական քրեական հանցագործությունների թիվը շարունակաբար աճել է, առանձին հանցագործությունների առումով` գրեթե կրկնակի չափով, իսկ կարգապահական տույժերի թիվը` նվազել: Այս մասին են վկայում Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ զինված ուժերում» զեկույցի տվյալները:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունի նախաձեռնությամբ այսօր տեղ ունեցավ նշյալ զեկույցի շնորհանդես-քննարկումը:

Զեկույցը ներկայացնելիս ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ զեկույցը ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության քաղաքականության վերաբերյալ առաջին անգամ կատարված բազմակողմանի և համապարփակ հետազոտության արդյունքների վերլուծությունն է. «Զեկույցում անդրադարձ է կատարվում ՀՀ զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերություններին ու դրանից բխող խնդիրներին, դրա դեմ պայքարի մեխանիզմներին` ֆորմալ և ոչ ֆորմալ պատիժների մասով»,- ասաց տիկին Հարությունյանը:

Զեկույցն առանձին բաժնով ներկայացնում է նաև զինվորական հանցագործությունների վերաբերյալ կայացված դատական որոշումների մոնիթորինգի արդյունքները, ինչը վեր է հանում այն պրակտիկան, չափանիշներն ու մոտեցումները, որոնք կիրառվում են դատարանների կողմից արարքը զինվորական հանցագործություն որակելիս:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Անի Աղագուլյանը շեշտեց, որ զեկույցը նպատակ չի հետապնդում ընդգծել կամ մատնանշել առկա խնդիրները բացասական շեշտադրմամբ. «Ուսումնասիրության արդյունքների միջոցով կազմակերպությունը նպատակ ունի շահագրգիռ կազմակերպություններին և անձանց ներկայացնել այն խնդիրները, որոնք ազդեցություն ունեն ՀՀ զինված ուժեում կարգապահության ամրապնդման վրա և հետևողական աշխատանքի միջոցով հասնել գոյություն ունեցող խնդիրների վերացմանը»,- ասաց իրավաբանը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել