Ինչո՞ւ է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը դեմ երկաստիճան դատական համակարգի անցմանը

Դատական համակարգի երկաստիճա՞ն, թե՞ եռաստիճան համակարգ: ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կարծիքով այսօրվա գործող համակարգը պետք է պահպանվի:

Հիշեցնենք` Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առաջարկվում է դատական ատյանների քանակի կրճատում՝ եռաստիճանից երկաստիճան՝ երկրորդ ատյանում վերաքննության և վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով:

Գագիկ Ղազինյանը պնդում է, որ եռաստիճան համակարգը որոշակի ապրոբացիա է անցել. «Իր որոշ թերություններով հանդերձ, որոնց շտկման հնարավորությունները կան, եռաստիճան դատական համակարգը գործուն է, քան անցումը երկաստիճան համակարգի, որը նորից կպահանջի որոշակի երկար ժամանակ, հայտնի չէ` ինչպիսի ելքով»,- Իրավաբան.net-ին ասաց պարոն Ղազինյանը:

Երկաստիճան դատական համակարգի կողմնակիցները խոսում են խնայողության և համակարգի օպտիմալացման մասին` ընդգծելով, որ Հայաստանի պես փոքր երկրում եռաստիճան դատական համակարգը մեծ շռայլություն է: Պարոն Ղազինյանն այս պնդումների հետ համիտ չէ. «Մեր համակարգը քիչ, թե շատ արդեն կայացել է, այստեղ հիմնական խնդիրը Վճռաբեկ դատարանի տեղի և լիազորությունների հստակեցումն է: Այսինքն` խոսքը գնում է բողոքը վարույթ ընդունելու հիմքերի հստակեցման մասին, ինչից որ փաստաբաններն ու հանրությունը երկար ժամանակ դժգոհում էին: Վճռաբեկը պետք է հայեցողական մոտեցումներ չդրսևորի:

Ուստի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը պնդում է, որ վերոնշյալ խնդիրների առկայությունն է կասկած առաջացնում եռաստիճան համակարգի արդյունավետության վերաբերյալ. «Իմ կարծիքով, ճիշտ է այս համակարգը բարելավել և հստակեցնել լիազորությունները, որը հաստատ ավելի գործուն կլինի քան անցում երկաստիճան համակարգին»:

Հիշեցնենք` ներկայումս ՀՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ` առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան: Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճիռները, դատավճիռները կողմը իրավունք ունի սահմանված ժամկետներում բողոքարկել համապատասխան վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի որոշումները կարող են սահմանված կարգով բողոքարկվել վճռաբեկ դատարան, որը կարող է կա´մ մերժել բերված բողոքը, կա´մ լրիվ կամ մասնակիորեն բեկանել և ուղարկել նոր քննության:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել