ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Ֆեյսալ Ֆահդ ալ- Շայիի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հայ-քուվեյթական զարգացող հարաբերությունների համար այս այցը գործուն նշանակություն կունենա եւ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, եւ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր հարթություններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ փաստեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած են պետությունների եւ ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության, միջազգային խաղաղության, անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության սկզբունքները:

Քուվեյթի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար: Պատվիրակության ղեկավարը նշեց, որ բարեկամական խմբերի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր եւ անդրադարձ է կատարվել առողջապահության, գիտության եւ այլ ոլորտների ներդրումային ծրագրերին: Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշեց, որ Ցեղասպանության եւ ընդհարապես մարդկության դեմ գործված ոճրագործությունների վերաբերյալ Քուվեյթն ունի հստակ վերաբերմունք եւ խաղաղության կոչ է անում բոլորին՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել