Ֆիզիկական անձը հնարավորություն կստանա իր գույքն առանց մաքսատուրքի ներմուծել Հայաստան: Կառավարության նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից: ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է սահմանափակել և չափավորել նշված տարածքների ջրօգտագործման ծավալներն ու ռեժիմները, ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ձեռնարկել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման անհրաժեշտ քայլեր և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նույն տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել կառավարություն: Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել ՀՀ բնապահպանության նախարարի ներկայացրած տեղեկության հիման վրա:

Շահագրգիռ քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ ջրօգտագործողներին հուզող որոշ խնդիրներ չեն արտացոլվել կառավարության որոշման նախագծում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել և ևս մեկ անգամ քննության առնել սակավաջրության և երաշտի հետևանքով ստեղծված վիճակը, գտնել համապատասխան լուծումներ:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից ՀՀ վերադարձող ֆիզիկական անձը հնարավորություն ստանա առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը երկու տարվա ընթացքում ներմուծել Հայաստան:
Նիստում հավանություն է տրվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և ևս երեք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը և դրանց վերահսկողությունը: Հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց է եղել նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մեկ անգամ ևս քննարկել հարցը, ուսումնասիրել տուրքի սահմանման միջազգային փորձը և դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողով:
Գործադրի հավանությանն է արժանացել «Արխիվային գործի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կապահովվեն երկրում միջազգային չափորոշիչներին համարժեք էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումը և հետագա պահպանությունն ու օգտագործումը:
Նիստում քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի լրամշակված տարբերակը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել ՀՀ սահմանադրության պահանջներին: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննարկել է «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և դրա իրականացման 2015-2019թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին:

Նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին» որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը:

Գործադիրն ընդունել է Լոռու մարզի Անտառաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Նիստում մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. ամառային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Սթենֆորդի համալսարանի բակալավրիատի սան, Արթիկի բնակիչ Հայկ Տեփանյանին: Արմավիրի բնակիչ, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայի սան Արմեն Մկրտչյանը տարկետում է ստացել մինչև ուսումնառության ավարտը` 2015թ. ձմեռային զորակոչը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել