Սահմանապահ համայնքների բնակիչներին սոցիալական որոշակի երաշխիքներով ապահովելու օրենքի նախագծի քննարկում ՀՀ Կառավարության նիստում

«Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծն ընդգրկվել է ՀՀ Կառավարության նիստի օրակարգում: Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ օրենսդրական նա­խա­­ձեռ­նու­թյան կար­գով:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ մանավորապես նշված է. ««Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանապահ համայքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքների բնակիչներին սոցիալական որոշակի երաշխիքներով ապահովելու հրամայականով: Նշված համայնքների բնակիչները գտնվում են կյանքին եւ գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, ինչը էականորեն սահմանափակում է սեփական բարեկացությունը ապահովելու նրանց հնարավորությունը: Այս պայմաններում անհրաժեշտ է օրենքով արձանագրել ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքների բնակիչներին կոմունալ մի շարք վճարների, հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնությունների, ինչպես նաեւ եւ մի շարք սոցիալական երաշխիքների տրամադրումը, ինչը նախատեսված է սույն օրենքով»:

ՀՀ կառավարության եզրակացության նախագծում նշված է, որ ներկայացված նախագծում առկա են խնդիրներ՝ կապված օրենսդրական տեխնիկայի, ձևակերպումների և կարգավորումների հետ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներ­կա­յաց­ված օրենքի նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար:

Օրենքի նախագծի կարգավոր­ման ազ­դե­ցու­­թյան գնահատման եզրա­­կա­ցությունները կարող եք գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել