Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Փողը հո՞ կարագ չի, չի հալել». «Ֆինանսական բուրգի» գործով հանդես եկան տուժողները

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ֆինանսական բուրգի» գործը: Նախ ցուցմունք տվեց տուժող Արտակ Գալստյանը, նա ի սկզբանե պետք է պատասխաներ ամբաստանյալ Ա․ Ա․-ի հարցերին, սակայն վերջինս նշեց, որ առողջական վատթար վիճակի պատճառով չի կարող հարցաքննել տուժողին և խնդրեց, որ դա իրականացնի իր պաշտպանը: Պաշտպանն էլ հավելեց, որ հարցերն ինքը չի պատրաստել: Հարցաքննության ընթացքում նա նկատողություններ ստացավ դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից, ում զայրացրեց այն հանգամանքը, որ պաշտպանը կրկնում էր նախորդ դատական նիստի ընթացքում հնչած հարցերը:

Այդուհանդերձ հարցաքննությունը շարունակվեց: Արտակ Գալստյանը հայտնեց, որ Ա․ Ա․-ի պսակադրության քավորն է: Նրա խոսքերով` ամբաստանյալն իրենից վերցրել է 720 հազար ԱՄՆ դոլար, որի մի մասը մարել է 3 տարվա ընթացքում` պարտք մնալով 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ի դեպ, այս գործով ներգրավված են նաև ոստիկանական համակարգի պաշտոնատար անձիք: Ա․ Ա․-ը մտերմիկ կապեր է ունեցել ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանիի և վերջինիս որդու` Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի հետ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ամբաստանյալը նրանցից առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել և իրավունք ստացել նրանց անշարժ գույքի նկատմամբ: Այսօրվա նիստին նշյալ տուժողները չէին ներկայացել:

Հաջորդը ցուցմունք տվեց ՀՀ Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալ Մուշեղ Սաֆարյանը, ով նույնպես մտերմիկ հարաբերությունների մեջ է Ա․ Ա․-ի հետ: Ցուցմունքից պարզ դարձավ, որ ամբաստանյալը Մուշեղ Սաֆարյանին պարտք է 50 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար: Մուշեղ Սաֆարյանը հիմնադրել է «Ամատեղ» ՍՊԸ-ն, որից հետո Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում ձեռք բերել հանքամաս, և 2009 թվականից Արթուր Անդրեասյանի հանքարդյունաբերական գործունեություն ծավալել. «Պայմանավորվեցինք 50-50-ով աշխատել: Բաժնետոմսերի մի մասի սեփականատերը Արթուր Անդրեասյանի հայրն էր»,- պատմեց տուժողը` հավելելով, որ հետագայում իր բաժնետոմսերի 45 տոկոսը ձևակերպել է Արտակ Գալստյանի կնոջ անունով. «Արթուրն պարտք էր Արտակին, դրա համար էլ այդ գործընթացին գնացինք»,- նշեց տուժողը:

Նա նաև տեղեկացրեց, որ մշտապես վստահել է Ա․ Ա․-ին, քանի որ վերջինս տարադրամի փոխանակման գրասենյակ ուներ, բացի այդ իրենք մտերմիկ հարաբերությունների մեջ էին: 2013թ. մարտի 24-ին Արթուր Անդրեասյանը հայտնել է, որ սննկացել է և պարտքեր կուտակել. «Այդ օրը նա զանգեց ու խնդրեց, որ գնամ իր գրասենյակ, այնտեղ Արտակ Գալստյանն էլ կար, Արթուրն ասաց, որ շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար է պարք տարբեր անձանց, այդ թվում` Արտակին»: Դատավորի այն հարցին, թե արդյոք նա չի՞ հետաքրքրվել իր 50 հազար ԱՄՆ դոլար գումարի ճակատագրով, տուժողը պատասխանեց. «Ոչ, այդ պահին ես նրան ոչինչ չեմ ասել: Փողը հո՞ կարագ չի, չի հալել, ես նրան մինչ այդ եմ հարցրել, բայց ինքը պատասխանը չի տվել»,- ասաց տուժողը` հավելելով, որ ինքը դեռ դատական հայցով չի ցանկանում պահանջել իր գումարը:

Այսօրվա նիստը կրկին հետաձգվեց Ա․ Ա․-ի առողջական վիճակի պատճառով: Նրա պաշտպանը միջնորդություն ներկայացվեց, դատարանը քննարկեց կողմերի հետ և որոշեց նիստը նշանակել հոկտեմբերի 6-ին: Դատավորը փոխանցեց, որ նշյալ օրը կներկայան Էդվարդ Ներսիսյանը:

Իրավաբան․net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել