Հերթական անտրամաբանական վերակազմակերպումը. աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի Առողջապահական պետական տեսչությունը

Աշխատանքային իրավահարաբերությունները, լինելով տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը, պետք է գտնվեն պետության առավելագույն հսկողության ներքո, հատկապես հայաստանյան պայմաններում, որտեղ աշխատատեղերի սղության պատճառով նույնիսկ ոչ հավասարության պայմաններում աշխատանքային հարաբերությունների պահպանմանը պատրաստ են բազմաթիվ աշխատողներ:

Մինչ 2013թ. հուլիսի 25-ը Հայաստանում Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում էր աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ: Այդ հսկողության և վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև Հայաստանի վերահսկողություն իրականացնող մարմնի և այդ մարմնի տեսուչի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում էր համապատասխան Օրենքով:

ՀՀ կառավարության 25 հուլիսի 2013 թվականի N 857-Ն որոշմամբ որոշվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն)»:

Պետական առողջապահական տեսչության կազմում աշխատանքային հարաբերությունների ոլորտում օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են այլևս ընդամենը երկու բաժինները`

• Աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժին,
• Աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժին:

Տեսչությունը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Թե որքանով է աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման բնագավառների նկատմամբ վերահսկողությունը տեղավորվում առողջապահության նախարարության գործառույթներում, յուրաքանչյուր ոք կարող է վերլուծել ինքնուրույն:

Ուշագրավ է նաև, որ հերթական կառուցվածքային ու օրենսդրական փոփոխությունը չի կատարվել սահմանված կարգով:

Օրենսդրական տեխնիկայի կանոնները սահմանում են, որ նոր իրավական ակտի ընդունման կապակցությամբ փոփոխման կամ լրացման, ինչպես նաև գործողության դադարեցման ենթակա են այն բոլոր իրավական ակտերը կամ դրանց մասերը, որոնք կամ հակասում են նոր ակտում պարունակվող դրույթներին, կամ ընդգրկված են այնտեղ:

Եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ գործողությունը դադարեցնել մինչև այդ ընդունված իրավական ակտերում կամ դրանց որոշ մասերում, ապա դրանք ինքնուրույն իրավական ակտերի մասերի տեսքով շարադրվում են իրավական ակտի նախագծի եզրափակիչ մասում:

Իրավական ակտի ընդունումից հետո դրա ընդունման կապակցությամբ փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա իրավական ակտերի ցանկերի նախագծերի պատրաստումը թույլատրվում է միայն, եթե դրանց պատրաստումը պահանջում է երկար ժամանակ: Այս դեպքում ընդունվող իրավական ակտում պետք է տրվի համապատասխան ցանկերի նախագծերի մշակման հանձնարարական կամ առաջարկություն` նշելով, թե որ մարմինն ինչ ժամկետում պետք է մշակի դրանք:

ՀՀ կառավարության 25 հուլիսի 2013 թվականի N 857-Ն որոշմամբ սահմանվել է, որ Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Լիցենզավորման մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

Սակայն նորաստեղծ տեսչության գործունեությանն անմիջականորեն առնչվող ՀՀ Աշխատանքային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում դեռևս չեն կատարվել համապատասխան փոփոխություններ, և նշված իրավական ակտերում դեռևս նշված է «Աշխատանքի պետական տեսչությունը»` որպես աշխատանային հարաբերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող և պատասխանատվություն կիրառող մարմին:

Այնուամենայնիվ, այդ հանգամանքը չպետք է խոչընդոտի նորաստեղծ մարմնին կատարելու իր պարտականություններն ըստ արժանվույն, քանի որ Տեսչությունը Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության և պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդն է:

Արփինե Եղիկյան
ՀԵԻԱ-ի վարչության անդամ, փաստաբան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել