Խորհրդակցություն ՀԱՊԿ քարտուղարությունում երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց և փախստականների վերաբերյալ գործունեության ուղղությունների մասին

2014թ. սեպտեմբերի 12-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի լիազոր մարմինների ներկայացուցիչների խորհրդակցություն՝ «2014-2018թթ. ընթացքում երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց և փախստականների հետ աշխատանքի տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների գործունեության հիմնական ուղղությունների մասին» Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և «Երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծի լրամշակման նպատակով:

Խորհրդակցությանը Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը:

Խորհրդակցության մասնակիցները, հաշվի առնելով անդամ պետությունների դիտողությունները և առաջարկությունները, ՀԱՊԿ քարտուղարության կարծիքը՝ լրամշակեցին վերոնշյալ փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև հնարավոր համարեցին դրանց ներկայացնելը ՀԱՊԿ կանոնադրական մարմինների քննարկմանը:

Ղրղզստանի կողմի ներկայացուցիչը հաստատեց Ղրղզստանի դիրքորոշումը՝ վերջինիս կողմից այդ փաստաթղթերի ստորագրումը ոչ նպատակահարմար գտնելու վերաբերյալ:

Լուսանկարը՝ smsmta.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել