Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. ՎՊ հաշվետվություն

Վերահսկիչ պալատի 2013թ. հաշվետվությունից տեղեկնում ենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կատարման օպերատիվ վերահսկողության արդյունքների համաձայն խորհրդատվական ծառայություններ մատուցող Սաֆեջ Էս. Ա. (Safege (Ֆրանսիա) և Էպտիսա (Eptisa (Իսպանիա) համատեղ ձեռնարկության կողմից չէին կատարվում պայմանագրային պարտականությունները:

Ըստ էության աշխատանքների որակի որևէ վերահսկողություն չէր իրականացվում: Կատարված աշխատանքները չէին համապատասխանում տեխնիկական մասնագրերով, ամերիկյան AASHTO և բրիտանական BS ստանդարտներով սահմանված նորմերի պահանջներին և որակական չափանիշներին: Աշխատանքների տեմպը դանդաղել էր, որակը՝ նվազել:

Վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքում արձանագրված հիմնական թերություններին փորձել են լուծում տալ, մասնավորապես, ենթահիմքի համար օգտագործված նյութն իր հատիկաչափական կազմով համապատասխանեցվել է մասնագրի պահանջներին: Որոշ փոփոխությունների արդյունքում ակնկալվում է նաև խճանյութի տեղադրման աշխատանքների համար նախատեսված պայմանագրային գնի նվազեցում:

Պետական նշանակության ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, պահպանման և շահագործման, Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրերով արձանագրված խախտումներն ու թերությունները հիմնականում  համանման են եղել և բավականին ընդհանրական: Նշենք, որ շինարարական և հիմնանորոգման աշխատանքների կատարողական ակտերում փաստացի կատարվածից ավել են հաշվարկվել 12,390,0 հազար դրամի աշխատանք: Իսկ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարողականներում ավել է հաշվարկվել 15,741,0 հազար դրամ:

Ինչ վերաբերում է ֆինանսական խախտումներին, ապա պետք է նշել, որ Տրանսպորտի և կապի նախարարությունում հաշվետու տարում ընտրանքային կարգով ստուգվել է 3,877,448,4 հազար դրամի աշխատանք և հայտնաբերվել 28,051.3 հազար դրամի ծավալային հավելագրում: Համեմատության համար պետք է նշել, որ այդ ցուցանիշը նախորդ տարիներին եղել է ավելի բարձր:

Այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի վերլուծությունները ցույց են տալիս, որ ճանապարհային շինարարության ոլորտում դեռևս առկա են լրջագույն ռիսկեր, որոնք, հատկապես արտացոլված և կենտրոնացված են շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլերում:

Որպես խնդրի կարգավորման հիմնական ուղի, Վերահսկիչ պալատը գտնում է, որ նախահաշիվներում ուղղակի ծախսերի վրա կիրառվող ուռճացված տոկոսադրույքներն անհրաժեշտ է կրճատել մինչև 19%:

Մանրամասները՝ Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել