Արսեն Բաբայան. Վանո Սիրադեղյանի գործը դատարանի արխիվում է

«Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործը գտնվում է դատարանի արխիվում, որևէ գործ չի կարող կորել»,- ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցի, այս մասին հայտարարեց Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը: Նա հավելեց նաև, որ քրեական վերլուծաբան, գրող Սերգեյ Գալոյանի այն պնդումը, թե անհետացել է «Արմեն Տեր-Սահակյանի և նրա ավազակախմբի գործը» նույնպես կապ չունի իրականության հետ: Այն գլխավոր դատախազության պահանջով ուղարկվել է գլխավոր դատախազություն:

 Հիշեցնենք, որ քրեական վերլուծաբան, գրող Սերգեյ Գալոյանը լրագրողներին հայտնել էր, որ Վանո Սիրադեղյանին վերաբերվող քրեական գործը անհետացել է, մեկ դատարանից մյուս դատարան տեղափոխելու ժամանակ: «Վանո Սիրադեղյանի գործով դատական նյութերը անհետացել են մոտավորապես 6 ամիս առաջ, իսկ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ասել: Նախ` սկսեմ նրանից, որ Վանո Սիրադեղյանի վրա ոչ մի քրեական գործ հարուցված չէ: Դա քրեական գործ է Արմեն Տեր-Սահակյանի և նրա ավազակախմբի վերաբերյալ, որն էլ անհետացել է»,- նշել էր Ս. Գալոյանը:

 Ակնհայտ է, որ վերլուծաբանը շփոթել է փաստերը՝ Արմեն Տեր-Սահակյանի գործը կապ չունի Վանո Սիրադեղյանի գործի հետ: Վերջինս որպես մեղադրյալ ներգրավված էր ՀՀ ներքին զորքերի հրամանատար, ի պաշտոնե ՆԳ փոխնախարար Վահան Հարությունյանի և ներքին զորքերի ծառայողների դեմ գործում, սակայն Վ.Սիրադեղյանի փախուստից հետո նրա մասով գործն առանձնացվել էր առանձին վարույթ և կասեցվել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել