«Էս ինչ լավն ա ու էս հավի հետ». պատահական անցորդները վիրավորել էին ամուսնուն ու կնոջը

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ քննում է մի նախադասության պատճառով առաջացած մի կոնֆլիկտի գործ: Ըստ մեղադրական եզրակացության` գործով ամբաստանյալ Արմեն Գրիգորյանն անցյալ տարի փետրվարի 9-ի երեկոյան կնոջ հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, երբ իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։

Դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա, Արմեն Գրիգորյանը երկու եղբայրների հետ, նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով։

Նույն մեղադրական եզրակացության համաձայն` դրանից հետո Արմեն Գրիգորյանից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը, Համլետ Հակոբյանը, Արման Չատինյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք, իմանալով Արմեն Գրիգորյանի բնակության հասցեն, դեպքից մեկ օր հետո` փետրվարի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, գնացել են Երևանում բնակվող Արմեն Գրիգորյանի տան մոտ, որտեղ Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք Արմեն Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել Արմեն Գրիգորյանի ընտանքի անդամների ու շրջակա տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, կատարել են խուլիգանություն։

Այդ պահին Արմեն Գրիգորյանը դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ, որից հետո խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով` ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակը հրազեն է, մեկ անգամ էլ կրակել է ասֆալտին, որի արդյունքում գնդակը, անդրադարձ թռիչք կատարելով, շարունակել է ուղղությունը տաղավարի մոտ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի բացված դռան ուղղությամբ, վնասել ավտոմեքենայի աջ դռան ապակին և դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածքով, դեմքի շրջանի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք` առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս։

Դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ոչ միայն Արմեն Գրիգորյանին Քրեական օրենսգրքի` անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ապօրինի կերպով հրազեն իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար նախատեսված համապատասխան հոդվածներով, այլ նաև Համլետ Մանուկյանին և Գագիկ Ապերյանին:

Ըստ դատախազության հաստատած մեղադրանքի` հենց Համլետ Մանուկյանն է ոգելից խմիչքի և թմրանյութ օգտագործած վիճակում Արմեն Գրիգորյանի և նրա կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Իսկ Գագիկ Ապերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Համլետ Մանուկյանի, Արամ Գոլեցյանի և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձանց հետ, 2013թ. փետրվարի 10-ին՝ ժամը 2-ի սահմաններում գնացել է հասարակական վայր հանդիսացող Արմեն Գրիգորյանի տան մոտ, սեռական բնույթի հայհոյանքներով տանից դուրս է կանչել Արմեն Գրիգորյանին՝ ասելով «Էտ ում ախպորն ես ծեծել, դուրս արի քո……», այնուհետև, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արմեն Գրիգորյանի և նրա ընտանքի անդամների հասցեին, որի ընթացքում տանից դուրս եկած Գագիկ Գրիգորյանի (Արմեն Գրիգորյանի հորեղբայր-Ն.Հ.) դիտողությունը չընդունելով` շարունակել է հայհոյանքներ տալ վերջիններիս հասցեին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք արտահայտելով հարևան տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, իր վարքագծով ահաբեկելով ինչպես Արմեն Գրիգորյանին, այնպես էլ նրա ընտանիքին ու բնակիչներին՝ կատարել խուլիգանություն։

Արմեն Գրիգորյանը կալանավորված է, իսկ Համլետ Մանուկյանի ու Գագիկ Ապերյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանը լսեց վկա Սոֆյա Սարգսյանին: Նա ամբաստանյալ Արմեն Գրիգորյանի 15 տարվա հարևանն է: Ոչ մի անգամ ոչ մի վատ բան չի լսել Արմենի մասին. պարկեշտ ու համեստ երիտասարդ է: Դեպքի օրը ձայներ է լսել, դուրս եկել փողոց, տեսել 10-15 անծանոթ տղաներ Արմենին, նրա մորն ու կնոջն ուղղված հայհոյանքներ են տալիս, բղավում, որ Արմենը դուրս գա տանից, հակառակ դեպքում` սպառնում ընտանիքի աչքի առաջ վառել նրան:

Ըստ վկայի` անծանոթ տղաներից երկուսը մինչև Արմենի տնից դուրս գալը, նստած են եղել բակում կայանած Արմենի մեքենայի մեջ: Կինը նրանց խոսակցությունից հասկացել է, որ ցանկանում են մեքենան տանել: Տղաներն անգամ իրար առաջարկել են համարանիշները հանել, նոր տանել մեքենան:

«Արմենը դուրս եկավ տանից, փորձում էր հանգստացնել նրանց. ասում էր, հո դուք շառ չեք. թողեք գնացեք ստեղից»,- հիշեց վկան:

Նա տեսել է, թե ինչպես է Արմենն ատրճանակով օդ կրակել, ապա մի քանի րոպե անց` գետնին. «Վերև կրակելուց հետո տղաներից մեկն ասաց` գնացեք ավտոմատները բերեք, թող տեսնեն զենքը որն ա ու գնացին դեպի իրենց մեքենաները»:

Գետնին կրակելուց հետո երիտասարդները փախչել են տարբեր ուղղություններով` մի մասը ոտքով, մի մասը մեքենայով ու այնտեղ են թողել Արմենի կրակոցից վիրավորված իրենց ընկերոջը: Վկայի խոսքով` Արմենն է առաջին օգնություն ցույց տվել տուժածին, ու քանի որ իրենք` հարևաններով, զբաղված են եղել Արմենի մայրիկին ուշքի բերելով, չի նկատել, թե վիրավորը ոնց է հեռացել, բայց հարևաններն ասել են, որ իր ոտքով է գնացել:

Սոֆյա Սարգսյանին կարծիքով`ողջ միջադեպը 15-20 րոպե է տևել: Իր` բակ դուրս գալուց մոտ 3 րոպե հետո դուրս է եկել Արմենը, մոտ 2 րոպե փորձել է համոզել, ապա կրակել է, առաջին կրակոցից 2 րոպե հետո էլ 2-րդ կրակոցն է հնչել:

Դատախազ Արմեն Մարգարյանը նկատեց, որ այս վկայի և մյուս վկաների ցուցմունքներում հակասություն կա: Մի քանի վկաներ ավելի վաղ դատարանին հայտնել են, որ Արմենի տնից դուրս գալն ու կրակելը վայրկյանների տարբերություն է եղել, ոչ թե րոպեների: Նույն հանգամանքի վրա դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Դա փոքր-ինչ բարկացրեց վկային` պատճառաբանելով, որ ինքը հստակ ժամ չի նայել այն ժամանակ և չի էլ իմացել, որ մի օր նման վայրում նման հարցերի է պատասխանելու: Միայն հավելեց, որ ինքը դեպքի պահին սթրեսի մեջ է եղել, անգամ ցանկացել է տուն մտնել ու իր մանկահասակ երեխաներին նկուղ իջեցնել` հնարավոր ոչ ցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Հատկանշական էր, որ Արմեն Գրիգորյանի պաշտպան Գրիգորի Շահվերդյանի հարցին, թե ինչպե՞ս կորակեք երիտասարդների պահվածքը, վկան միանշանակ պատասխանեց` խուլիգանություն:

«Իրավաբանորեն էլ որակեց»,- նկատեց դատավորը:

Քանի որ գործով մյուս վկաները չէին ներկայացել դատարան, դատավորը որոշում կայացրեց նրանց բերման ենթարկելու մասին և հետաձգեց դատական նիստը:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել