ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանուէթյան փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կարգավորել ՀՀ-ում ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները, ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկվող պետական եւ այլ մարմինների ու կազմակերպությունների միջեւ ծագող հարաբերությունները, ռազմական պետական պատվերի ձեւավորման եւ տեղադրման կարգը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կարգավորման մեթոդաբանությունը: Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի առաջիկա ծրագրերն ու անելիքները:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է երկար ժամանակ եւ հիմնական նպատակն է բժշկական շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրմամբ բարձրացնել բուժաշխատողների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց կառավարության ներկայացրած «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով կարգավորվում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկման մեջ կասկածվող անձանց հայտնաբերման պահից նրանց՝ ուղղորդման, նրանց վերաբերյալ տեղեկատվության կուտակման եւ փոխանակման, որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ՝ նույնացման, աջակցության եւ պաշտպանության ապահովման, մտորման ժամկետի ընձեռնման գործընթացների հետ կապված հարաբերությունները: Նշվեց, որ օրենքի նախագիծը կիրառելի է ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա ցանկացած պետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող կամ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար: 

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի հեղինակած օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով:

Նույն օրը Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրինագծի ընդունման արդյունքում կբարձրացվի աուդիտորական ծառայությունների իրականացման համար լիցենզիայի տրման գործընթացի արդյունավետությունը:

«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է տվյալ օրենքների գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, մասնավորապես` տարընթերցումների, երկիմաստությունների եւ ոչ հստակ դրույթների շտկման, օրենքների ընդունումից հետո ՀՀ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաեւ գործող (հատկապես «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի) եւ ընդունված նոր օրենքների հետ տվյալ օրենքների ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերին դրական եզրակացություն տվեց? ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգեց «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թ. տարեկան հաշվետվությունը հանձնաժողովի անդամների գնահատմանը ներկայացրեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ 2013 թվականին Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացրել է հաշվետու տարվա ընթացքում կատարված գործարքների մասով:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվեց 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի եւ հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի եւ խաղողի տնկանյութի արտադրության ու մատակարարումների բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին» համաձայնագիրը: 

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ աշխատանքային փակ քննարկում արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր խնդիրների շուրջ:

Մանրամասները՝ ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել