Հայտարարություն ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածուներ) ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:

  Մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացին, ով.

  • Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,
  • ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ, կամ
  • ունի դատախազի կամ փաստաբանի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ, կամ
  • ունի մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա փորձ, կամ
  • առնվազն 5 տարի իրավունք է դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում, կամ
  • ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
  • ազատ տիրապետում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):

  Մրցույթին չի կարող մասնակցել այն անձը՝

1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.

3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

4) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (սահմանված է «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 15-ի N 1184-Ն որոշմամբ).

5) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ Փաստաթղթեր).

  1.մրցույթին մասնակցելու հայտ (ըստ սահմանված նմուշի),

 2. ինքնակենսագրություն՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (ըստ սահմանված նմուշի),

 3. հայտարարություն՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին  (ըստ սահմանված նմուշի),

4.  անձնագրի պատճեն,

 5. բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը հաստատող փաստաթուղթ,

 6.մասնագիտական գործունեության կամ դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթ,

 7.Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),

8.հայտարարություն, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ կամ հայտարարություն նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ (ըստ սահմանված նմուշի),

 9.հայտարարություն, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոնում հավակնորդի նշանակմանը խոչընդոտող՝ ՀՀ դատական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների բացակայությունը (ըստ սահմանված նմուշի),

  10.հայտարարություն, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որը անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ (ըստ սահմանված նմուշի),

 11.իրավագիտության ոլորտում մասնագիտական հեղինակություն վայելող անձանց կողմից տրված առնվազն երկու երաշխավորագիր (Հանձնաժողովի անդամը չի կարող տրամադրել երաշխավորագիր),

իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնություն (ըստ սահմանված նմուշի):

  Փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 18:00-ն՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով: Փաստաթղթերի ներկայացման, դրանց ստացման, ինչպես նաև հնարավոր թերությունների վերացման հետ կապված հարցերը լուծվում են Կարգով նախատեսված կանոններով:

  Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ Փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:

  Փաստաթղթային ստուգման փուլում Հանձնաժողովը ստուգում է Փաստաթղթերի լրիվությունը, դրանց համապատասխանությունը սահմանված ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Փաստաթղթային ստուգման փուլում կարող են ստացվել նաև թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Հանձնաժողովի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել Փաստաթղթային ստուգման փուլին:

  Փաստաթղթային ստուգման փուլի արդյունքներով հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը կհրապարակվեն լրացուցիչ՝ Կարգով նախատեսված կանոններին համապատասխան:

  Հարցազրույցի նպատակը հարցազրույցի մասնակցի՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու համար անհրաժեշտ անձնական հատկանիշների, մասնագիտական որակների և լեզվական կարողությունների գնահատումն է: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:

 Հարցազրույցի մասնակցի ստացած հանրագումարային միավորը հաշվարկվում է սույն որոշման III բաժնում սահմանված յուրաքանչյուր չափանիշի միասնական միավորների գումարման սկզբունքով:   Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը կազմվում է Կարգով նախատեսված կանոններով: Ընդ որում, հարցազրույցի մասնակիցը չի կարող ընդգրկվել ցուցակում, եթե ստացել է 50-ից ցածր հանրագումարային միավոր կամ Հիմնական լեզվի կարողությունների չափանիշից 5-ից ցածր միասնական միավոր:

Մանրամասները՝ ՀՀ Արդարադատության նախարարության կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել