Սոցիալական պաշտպանության համակարգում նախընթաց ժամանակահատվածում կատարված աշխատանքները. հաշվետվություն

Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 1-ին այցելեց համակարգի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ հաստատության գործունեությանը, երեխաների խնամքի, կրթության, կենցաղի կազմակերպման աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին, շենքային պայմաններին: Շնորհավորելով երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ պարոն Ասատրյանը մաղթեց բարձր առաջադիմություն և լուսավոր ճանապարհ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ շրջայցի ավարտին պարոն Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության համակարգում նախընթաց ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև ապագա անելիքները: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելունպատակով հատկացվել է 5 մլն դրամ, ինչպես նաև նախընտրած առողջարաններում նրանց հանգիստը կազմակերպելու նպատակով ուղեգրեր տրամադրելու համար 6 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ 10-50 տոկոսով բարձրացվել են հաշմանդամ զինծառայողներին, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարի չափը:

Իրականացվել և ավարտին են հասցվել աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները, որի արդյունքում 2014թ. հուլիսի 1-ից շուրջ 230.000 հանրային ծառայողների և պետական հատվածի աշխատողների համար սկսել է գործել աշխատավարձերի նոր համակարգը, բարձրացել են դրանց չափերը՝ միջինը 40 տոկոս:

2014թ. հունիս ամսվանից վերսկսվել են ավանդի փոխհատուցման վճարումները: 2014թ. համար նախատեսված 1,4 մլրդ դրամի շրջանակներում ավանդի փոխհատուցում կարող են ստանալ շուրջ 7000 անձինք, այդ թվում ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 7-ի նիստում ընդունված որոշմամբ՝ սահմանամերձ համայնքների բնակիչները:

2014թ. օգոստոսի 1-ից բարձրացվել է ընտանեկան նպաստի չափը 1000 դրամով՝ սոցիալապես անապահով ընտանիքների կենսապայմանների վրա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը հնարավորինս չեզոքացնելու նպատակով:

Սոցիալական պաշտպանության ոլորտում բնակարանային ապահովման իրավունքի տեսանկյունից իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված, 1991-2013թթ. մանկատան շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց սոցիալական կացարանի տրամադրման ծրագիր: Նախորդ 4 ամիսների ընթացքում բնակեցվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հանձնված, Երևան, Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող շենքը: Սոցիալական կացարանները տրամադրվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող՝ 13 անձանց (ընտանիքներին), մանկատան շրջանավարտներին՝ 9 անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով 14 ընտանիքի (միածնող, սատարող ընտանիքներ, միայնակ կենսաթոշակառուներ):

Ամփոփվել է «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում ներառված են բնակչության բնական աճի ապահովմանը՝ ծնունդների նյութական խրախուսմանը, մահացության կրճատմանը, երիտասարդ և բազմազավակ ընտանիքների աջակցությանն ուղղված միջոցառումներ:

Համապատասխան օրենքների փոփոխություններով պայմանավորված՝ դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կոնսաթոշակները վերանվանվել են ծերության, հաշմանդամության և կերկարողնի կորղնելու դեպքում նպաստներ, սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում: Միաժամանակ, նշված կատեգորիաների անձանց վճարվող պարգևավճարները ևս բարձրացվել են 10-50 տոկոսով, իսկ կենսաթոշակները ավելացվել են շուրջ 15 տոկոսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել