Ի՞նչ է առարկայական ընդդատությունը

Առարկայական ընդդատությամբ որոշվում է, թե ո՞ր դատարանը պետք է քննի այս կամ այն գործը, կամ այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի Ընդհանուր իրավասության և Վարչական դատարաններից ո՞ր դատարանն է իրավասու քննելու առկա գործը:

Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:

Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

Իսկ Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ սահմանադրական դատարան) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են քաղաքացիական բոլոր գործերը, ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը, որոնք ընդհանուր իրավասության դատարանը քննում է վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև հանցագործությունների վերաբերյալ գործերը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել