Արտգործնախարարը ընդունեց Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Լիտվայի Սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ:
Արտգործնախարարության Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարևորել է նրանց գործունեությունը` ուղղված հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական կապերի ամրապնդմանը։ Նախարարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը և Լիտվան հաջողությամբ փոխգործակցում են, հաճախակի են բարձրաստիճան փոխայցելությունները։ 
Էդվարդ Նալբանդյանը առանձնահատուկ ընդգծել է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ Ազգային Ժողովի հետ բարեկամության խմբի գործունեության կարևորությունը։ 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և գործունեության բարձր գնահատականի համար` լիտվացի խորհրդարանականները վստահեցրին, որ շարունակելու են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված իրենց գործունեությունը։ 
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել