Որքա՞ն կտուգանվեք մգացված ապակիներով մեքենա վարելու համար

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածը սահմանում է տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը և դրանց համար նախատեսված տուգանքների չափերը: Ըստ հոդվածի տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի` 5000 ՀՀ դրամի չափով:

Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի` 20000 ՀՀ դրամի չափով:

Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի` 40000 ՀՀ դրամի չափով:

Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50000 ՀՀ դրամի չափով:

Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել