Ինչպե՞ս է կատարվում հեռախոսային խոսակցությունների վերահսկումը

«Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը կարգավորում է հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը, համաձայն որի.

1. Հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները, հեռախոսային խոսակցության վերահսկում իրականացնելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչություն (այուհետ` Գլխավոր վարչություն) են ներկայացնում դատարանի որոշման քաղվածքը, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը: Քաղվածքը տրվում է դատարանի կողմից` նշված օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ որոշման հետ միաժամանակ, և այն պետք է պարունակի միայն վերահսկման ենթակա հեռախոսահամարը:

2. Այն դեպքերում, եթե սույն հոդվածով օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, ապա Գլխավոր վարչությունը սույն հոդվածով նախատեսված կարգով ապահովում է այդ միջոցառումների իրականացումը, սակայն այդօպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջնորդությամբ Գլխավոր վարչությանը դիմած մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում Գլխավոր վարչություն ներկայացնել դրանց իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը:

3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված` 48 ժամվա ընթացքում դատարանի թույլտվությունը չներկայացնելու կամ սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը Գլխավոր վարչություն ներկայացնելու դեպքում դրանց անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող մարմնի կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման: Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Գլխավոր վարչության ղեկավարը անհապաղ զեկուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`

1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`
ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը,
բ. հեռախոսահամարի պարզումը,
գ. տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,
դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսի համարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում`
ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը,
բ. հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը, հեռախոսահամարը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը.

3) ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, ինչպես նաև տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`
ա. ինտերնետային ցանցին միանալու և ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը և տևողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն,
բ. ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID),
գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել